Սիրելի ընթերցող, ուզում եմ անկեղծ լինել: Սա հոդված չէ, որտեղ դուք կգտնեք վիճակագրություն կամ խնդիրների լուծման հստակ քայլեր: Փոխարենը, ես պարզապես ցանկանում եմ կիսվել իմ պատմությամբ և հուսով եմ՝ կոգեշնչեմ ձեզ: Ուրախ կլինեմ, եթե ժամանակ գտնեք ու կարդաք իմ՝ HR մենեջեր դառնալու ճանապարհորդության մասին, որը նշանավորվեց մի քանի «պղպջակների» պայթյունով:
Երբ ես առաջին անգամ հայտնվեցի IT աշխարհում, երբեք չէի պատկերացնի, որ HR մենեջերի դերում իմ աշխատանքի համար անհրաժեշտ կլինի խաղալիք վիշապ:
Երեք տարի առաջ, ես սկսեցի աշխատել փոքր IT ընկերությունում։ Շատ երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի հասկանայի, որ ծրագրավորողները աներևակայելի զբաղված մարդիկ են: Նրանց աշխատանքային օրը անցնում է սուրճի շուրջ քննարկումներով, լանչ անելով և… հա, իհարկե, ծրագրավորմամբ: Այս եռուզեռի մեջ նրանք նաև հասցնում են շտկել տեխնիկական խնդիրները, համարյա միշտ հանձնել աշխատանքը ճիշտ ժամանակին և մասնակցել անվերջ հանդիպումների: Իսկապես հոգնացուցիչ է։ Միգուցե դա՞ է պատճառը, որ այդքան շատ են սուրճ սիրում։
Սկզբի շրջանում ես ունեի HR-ի աշխատանքի մասին իմ իդեալական պատկերացումները՝ թիմային միջոցառումներ, գաղափարների փոխանակում և միջանձնային կապերի ամրապնդում: Բայց ծրագրավորողների աշխարհում միայն
մեկ բան էր կարևոր՝ Կոդը: Սա ծանր հարված էր իմ կատարյալ HR պղպջակին: Ինչպե՞ս պետք է ներգրավվեի այս տեխնոլոգիական միջավայրում, որտեղ մարդկային կապ գրեթե գոյություն չուներ:
Ես սկսեցի մեղավորներ փնտրել և առաջին տեղում, իհարկե, նոր տեխնոլոգիաներն էին։ Այսօր կա մի ամբողջ գործիքակազմ, որը թույլ է տալիս մեզ աշխատել միասին առանց իրար հանդիպելու։ Բայց… ներքուստ ես գիտեի, որ մենք կորցրել ենք մեր մարդկային կապը շատ ավելի վաղ քան այս բոլոր նորարարությունները ի հայտ կգային:
Իրականությունն առաջին անգամ «սառը ցնցուղի պես» թափվեց գլխիս, երբ ես զրույցի ժամանակ ասացի, որ HR մենեջեր եմ: Սկզբում զրուցակիս չհասկացավ՝ ինչ նկատի ունեմ. «Ո՞վ:» Քիչ անց, երբ ես մի փոքր ներկայացրի, թե ինչով եմ զբաղվում, ասաց. «Ա՜հ, այսինքն՝ Կադրավիկ։ Ինչ էլ թիթիզ անուն է. HR մենեջեր»:
Կադրավիկ, հմմմ: Փաստորեն HR մասնագետը դեռ ընկալվում է որպես՝ միայն թղթաբանական աշխատանքի և ընթացակարգերի կազմակերպման պատասխանատու:
Չնայած, ի՞նչ վատ է որ: Ինչո՞ւ աշխատակիցներին չընկալել որպես սեղանի վրա դրված հերթական թղթապանակ: Ծրագրավորողները կարող էին շարունակել աշխատել մեկուսացված՝ առանց որևէ շփման անհրաժեշտության՝ ամբողջ օրը կոդ գրելով։
Նրանց համար հրաշալի կլիներ, եթե չլիներ մի Բայց։ Այսպիսի սցենարի դեպքում բոլորը վաղ թե ուշ կխելագարվեին:
Մարդը սոցիալական արարած է։ Մենք հոգեբանական և բիոլոգիական կարիք ունենք մարդկային շփման։ Մենք ծաղկում ենք համագործակցությամբ, գաղափարներ փոխանակելով և անգամ ամենապարզ զրույցներ ունենալով:
Այս է պատճառը, որ մարդկային կարիքների աճի հետ փոփոխվեցին նաև Կադրավիկի գործառույթները: Բայց, անկախ տերմինաբանության և աշխատանքի նկարագրի փոփոխություններից, ոլորտի մասնագետների՝ մեր հիմնական առաքելությունը եղել է և մնում է նույնը. հոգ տանել մեր թիմակիցների մասին, ստեղծել միջավայր, որտեղ նրանք կլինեն արյունավետ և ստեղծարար։
Հետևելով ոլորտի լավագույն փորձին՝ ես իրականացրի HR ձեռնարկներում առաջարկված բոլոր գործողությունները: Այնուամենայնիվ, աշխատակիցների գնահատման հերթական գործընթացի ժամանակ ես ստացա մի հետաքրքիր հետադարձ կապ։ Աշխատակիցները կարծում էին, որ ես միշտ առաջնահերթություն էի տալիս ընկերության շահերին, մինչդեռ տնօրեններս համոզված էին, որ ես միայն աշխատակիցներին եմ պաշտպանում: Հայտնվելով աշխատակիցների և ղեկավարների բախման խաչմերուկում՝ ես պետք է սովորեի հավասարակշություն և ներդաշնակություն ապահովել։ Ինչպե՞ս։
Այ հենց այստեղ սկսվում է իմ պատմությունը։ Մի անգամ, երբ մեր թիմը հյուծված էր՝ անվերջ աշխատելով մեծ նախագծի վրա, փորձելով թեթևացնել տրամադրությունը, ես սկսեցի փոքր ծես։ Ծրագրավորման «push command» տերմինից ոգեշնչված, որը ինձ հիշեցրել էր հայերեն «պուպուշ» բառը, ես այն կոչեցի «պուպուշ անելու» ժամ: Ես շրջում էի խաղալիք վիշապով՝ իմ գործընկերներին խրախուսելով և շնորհակալություն հայտնելով նրանց քրտնաջան աշխատանքի համար:
Սկզբում դա հիմար բան էր թվում։ Տնօրեններս, նույնիսկ, կասկածի տակ դրեցին իմ ողջամտությունը: Բայց ես շարունակեցի, և շուտով թիմակիցներս սկսեցին սպասել մեր «պուպուշ անելու» ժամին: Այն վերածվեց թիմային ավանդույթի: Պատահում էր, որ ես շատ զբաղված էի լինում, և նրանք վերցնում էին վիշապը ու գալիս էին իմ սենյակ «պուպուշ անելու»։ Դա դարձավ մեր փոխադարձ վստահության և իրար մասին հոգ տանելու խորհրդանիշը:
Իմ առաջին տարելիցին որպես HR մասնագետ, թիմակինցերս ինձ նվիրեցին նոր «պուպուշ անելու» սարք: Իսկ այսօր, երբ ես լարված պատրաստվում էի ելույթիս, իմ գործընկերներից մեկն ասաց ինձ, որ համոզված չի, թե ինչքան հրաշալի HR եմ ես, բայց միանշանակ իրեն շատ ավելի պաշտպանված է զգում, երբ ես աշխատավայրում եմ:
Տարիների ընթացքում, մեր կազմակերպությունն ունեցել է իր վերելքներն ու վայրէջքները, սակայն նույնիսկ կրճատումներից հետո, նախկին աշխատակիցները դեռ գալիս են մեզ հյուր՝ սուրճի ընդմիջումներին: «Պուպուշ անելը» փոքրիկ ծես էր, բայց այն նշանակալի ազդեցություն ունեցավ թիմային ոգու ձևավորման վրա:
Ես իհարկե գիտակցում եմ, որ այս մոտեցումը չի աշխատի օրինակ մեծ ընկերություններում, հատկապես որոնք ունեն վարքագծի խիստ կանոնակարգ: Բայց ես չեմ առաջարկում, գնալ ու «պուպուշ անեք» ձեր թիմակիցներին: Ես առաջարկում եմ ստեղծել փոքր, ամենօրյա ծեսեր՝ պահեր, որոնք ցույց կտան ձեր ներկայությունն ու աջակցությունը ձեր թիմին, նույնիսկ ամենա
ծանր ժամանակներում:
Ձեզանից յուրաքանչյուրն, ով ժամանակ հատկացրեց և կարդաց իմ պատմությունը, մի աջակցման կետ է ինձ համար: Այս փորձը կիսելով՝ ես դուրս եկա իմ պղպջակից և հիմա ինձ զգում եմ HR համայնքի լիիրավ անդամ:
Եվ հետևաբար պատմությունս ուզում եմ ավարտել փոքրիկ HR-ական խորհուրդով։ Գտեք ձեր «պուպուշ անելու» տարբերակը՝ պարզ մի ժեստ, որը կարող է և կփոխի ձեր աշխատավայրի ողջ տրամադրությունը:
Հոդվածի հեղինակ` Գայանե Մարտոյան
DisruptHR Երևան 2024