Նկատե՞լ եք, որ մենք բոլորս դարձել ենք կախված մեր սարքավորումներից և սմարթֆոններից, և դրանք դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը: Մեզանից քանի՞սը կարող են մեկ օր ապրել առանց սմարթֆոնի։ Նույնիսկ եթե կարողանանք ապրել, այնպիսի տպավորություն կլինի, որ բաց ենք թողել շատ կարևոր տեղեկատվություն կամ իրադարձություններ, որոնք կատարվում են մեր շուրջը: Խնդիրը ամենևին տեխնոլոգիաների զարգացումը չէ, այլ այն ազդեցությունը, որ դրանք ունեն մեզ վրա։
Արհեստական բանականության զարգացմանը զուգահեռ ապագան շատ ավելի անորոշ է թվում։ Տեխնոլոգիաները զարգանում են այնպիսի արագությամբ, որ մենք չենք կարող մրցել դրանց հետ և իրականում պետք էլ չէ։ Տեխնոլոգիաների աճին զուգահեռ շատ մարդիկ իրենց ավելի միայնակ, լարված, ծանրաբեռնված և նույնիսկ դեպրեսիվ են զգում։ Իսկ այն բաները, որոնք իսկապես օգնում են մեզ հաղթահարել այդ իրավիճակները և ավելի երջանիկ զգալ թվային չեն, ինչպես՝ սիրելիների հետ ժամանակ անցկացնելը, բնությանը մոտ գտնվելը կամ համեղ սնունդը։
Տեխնոլոգիաների հետ մրցելու, անվերջ ինչ-որ բան փորձել հասցնելու փոխարեն ընդամենը պետք է մի պահ կանգ առնք ու հարցնք ինքներդ ձեզ՝ ինչպես կարող ենք օգտագործել տեխնոլոգիան մեր կյանքը բարելավելու համար, ժամանակը ավելի օպտիմալ օգտագործելու և կենտրոնանալու այն ամենի վրա, ինչը իսկապես մեզ երջանիկ է դարձնում։
Պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ի՞նչ է նշանակում իսկապես լինել ներկայում և
ապրել պահը։ Մինչ կմտածեք այս հարցերի մասին, տեխնոլոգիան շարունակում է զարգանալ և ես որոշեցի հարցնել արհեստական բանականությանը, թե քանի աշխատանք կփոխարինվի ավտոմատացմամբ մինչև 2030 թվականը, և այն պատասխանեց՝ մոտ 375,000, բայց այս բոլոր աշխատանքները ունեն մեկ ընդհանուր գիծ՝ դրանք ներառում են կրկնվող և ավտոմատ իրականացվող առաջադրանքներ, որտեղ չի պահանջվում մարդկային գործոն։Ես նաև հարցրեցի արդյոք այդ աշխատանքների շարքում է մարդկային ռեսուրսները (HR):
Պատասխանը միանշանակ ոչ էր։ Այն աշխատանքները, որոնք պահանջում են զգացմունք, կարեկցանք, մարդկային շփում և վերաբերմունք, չեն կարող փոխարինվել մեքենաների կողմից։ HR-ի և հատկապես հավաքագրման որոշ մասեր՝ ինչպես օրինակ ռեզյումեների սքրինինգը, հարցազրույցների պլանավորումը
և աշխատանքի ընդունման գործընթացը, արդեն շատ կազմակերպություններում ավտոմատացված են։
Հավաքագրման մասնագետների 65%-ը ամեն օր օգտագործում են արհեստական բանականության գործիքներ ինչպիսիք են՝ ATS-ներ ԱԲ-չատբոթներ, որոնք իրականացնում են ադմինիստրատիվ առաջադրանքներ։ Բայց հավաքագրման այլ մասերը ինչպիսիք են՝ թիմերի մոտիվացիան, բանակցությունները, հարցազրույցները, մշակույթի կառուցումը, քոուչինգն ու թրեյնինգները՝ չեն կարող ավտոմատացվել։
Հավանաբար ապագայում արհեստական բանականությունը ավելի շատ գործառույթներ կստանձնի HR և հավաքագրման գործընթացներում։ Գուցե
20 տարուց, ռոբոտների հետ հարցազրույցները համարվեն լրիվ նորմալ, բայց հիմա դա սթրեսային և անսովոր է թվում շատերի համար։ Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մարդիկ ավելի շատ կարիք ունեն մարդկային շփման։
ԵՎ ինչպես իմ սիրելի Մայա Անջելոն է ասում. «Մարդիկ կմոռանան՝ ինչ եք ասել, մարդիկ կմոռանան՝ ինչ եք արել, բայց նրանք երբեք չեն մոռանա՝ ինչ են զգացել»։
Եկեք յուրաքանչյուր թեկնածուի վերաբերվենք այնպես, որ իրենց գնահատված և յուրահատուկ զգան այս թվային դարում։
Հոդվածի հեղինակ` Գայանե Ավետիսյան
DisruptHR Երևան 2024