Ինտուիցիա՝ առասպել, թե՞ գերուժ

Իրավացի էր արդյո՞ք Օփրա Ուինֆրին՝ կին, ով իր հաջողությունների գրեթե ամբողջ ճանապարհին առաջնորդվել է ինտուիցիայով։ Մի՞թե այդ ինտուիցիան, որը նրան հասցրել է հնարավոր բոլոր բարձունքներին՝ Ամերիկայի ամենաազդեցիկ կանանցից մեկը, հեռուստատեսային մագնատ, պրոդյուսեր, բարերար, եղել է բնազդ, մտավոր ունակություն, հանկարծակի զգացողություն, կուտակված փորձ, թե՞ մեկ այլ բան։ Այժմ կպարզենք։

Եթե այս հարցը ինձ տրվեր մեկ տարի առաջ, ես արագ կարձագանքեի, որ ինտուիցիան պարզապես հանկարծակի զգացողություն է, էմոցիա կամ նույնիսկ ինչ-որ միստիկ մի բան, քանի որ, մեծ հաշվով, երբեք չեմ մտածել ուսումնասիրել, թե ինչ է ինտուիցիան։ Սակայն անցյալ տարին ինձ համար աներևակայելի հագեցած էր՝ լի մշտական փոփոխություններով թե՛ իմ նոր աշխատավայրում, թե՛ իմ կյանքում առհասարակ։ Ես ստիպված էի կայացնել արագ որոշումներ, և զարմանալին այն էր, որ որոշումներս գրեթե միշտ ճիշտ էին։ Հաճախ ինձ հարց էի տալիս՝ ինչպես եմ այդքան արագ կողմնորոշվում։ Սկզբում ես դա վերագրում էի բնածին զարգացած ինտուիցիայիս, բայց շուտով հասկացա, որ նոր և անծանոթ իրավիճակներում ես ճանաչում եմ որոշակի օրինաչափություններ, որոնք պատահական չեն, այլ ունեն որոշակի հիշողություն։ Ավելի ուշ ես պարզեցի․ այն որոշումները, որոնք ես վերագրում էի ինտուիցիային, իրականում ոչ այլ ինչ էին, քան մեր ենթագիտակցությունում պահպանված տվյալներ։ Մեր ինտուիտիվ որոշումներն ուղղակիորեն պայմանավորված են մեր անցյալ փորձի ընթացքում ձևավորած օրինաչափություններով և կուտակած տեղեկություններով։ Եվ երբ ժամանակի ընթացքում մենք կլանում ենք այդ օրինաչափությունները, մեր ինտուիցիան ամրապնդվում է, ինչն էլ հանգեցնում է ավելի արագ և ճշգրիտ որոշումների կայացման։ Այսպիսով, կարելի է փաստել, որ ինտուիցիան երբևէ չի հակադրվում տվյալներին. այն հիմնված է դրանց վրա։

Սովորաբար հաճախ ենք լսում, որ կանայք ունեն ի բնե զարգացած ինտուիցիա։ Այս վառ արտահայտված ինտուիցիան պայմանավորված է որոշակի հորմոններով և ուղեղի յուրահատուկ կառուցվածքով։ Կնոջ ուղեղի ձախ և աջ կիսագնդերի միջև կապող կամուրջը ավելի խիտ է, ինչի շնորհիվ տրամաբանության և զգացմունքների միջև հաղորդակցությունն ավելի լավ է զարգացած։ Իսկ հիմնական կենսական հորմոնների՝ էստրոգենի և օքսիտոցինի գերակշռությունը նույնպես նպաստում է ավելի զարգացած ինտուիցիային։

Ես խորապես համոզված եմ, որ կանանց ինտուիտիվ որոշումներ կայացնելու հմուտ կարողությունը զգալիորեն կապված է նաև նրանց՝ որպես մայր, ունեցած փորձով։ Երեխայի ծնունդից ի վեր մայրն անընդհատ կուտակում և պահպանում է մեծ քանակությամբ եզակի տվյալներ՝ երեխայի հետ շփման արդյունքում։ Այս կուտակված գիտելիքները հետագայում անգնահատելի են կյանքի տարբեր ոլորտներում՝ ընտանիքում, աշխատավայրում, կառավարման գործընթացներում և այլն։

Թեև կարող է պարադոքսալ թվալ հետևյալ միտքը, սակայն տվյալների այս ժամանակաշրջանում մենք ստիպված ենք հաճախ ապավինել ինտուիտիվ որոշումներին։ Անշուշտ, վերլուծական տվյալների վրա հիմնված որոշումները մեզ համար ավելի փաստարկված և տրամաբանական են, սակայն միևնույն ժամանակ՝ դանդաղ են և պահանջում են մեծ ջանք։ Իսկ ինտուիտիվ որոշումներն արագ են, գրեթե ջանք չեն պահանջում, թեև որոշ դեպքերում կարող են նաև սխալ լինել։ Եվ այնուամենայնիվ, մեր արագընթաց աշխարհում, փոփոխվող աշխատավայրերում մենք հաճախ ստիպված ենք լինում կայացնել չափազանց արագ որոշումներ և դիմել ինտուիցիային։

Բացի այդ, վերլուծական տվյալները միշտ չէ, որ հստակ պատկեր են ներկայացնում. վերջիններս կարող են լինել սխալ, թերի կամ չափազանց մեծ ծավալի, ինչը երբեմն հանգեցնում է ոչ ճշգրիտ որոշումների կայացման։ Եվ ի վերջո, միայն տվյալները հաճախ զուրկ են մարդկային խորաթափանցության և ըմբռնման էական տարրից։

 

Ամփոփելով միտքս՝ ես խրախուսում եմ յուրաքանչյուրիս ակտիվորեն զարգացնել ինտուիցիան՝ հարստացնելով մեր միտքն ու փորձառությունը։ Համոզված եմ, որ այստեղ ներկաներից շատերն աշխատում են մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, և մենք բոլորս ունենք հնարավորություն տարածելու այս մոտեցումը մեր աշխատավայրերում։ Ներկայացնելով այն մեր գործընկերներին և ղեկավարներին՝ մենք կարող ենք ցույց տալ, որ վերլուծական որոշումների կողքին ինտուիցիան ևս կարևոր դեր ունի։ Համադրելով ինտուիտիվ պատկերացումները վերլուծական դատողությունների հետ՝ ընկերությունների, ինչու չէ, ռազմավարական որոշումները ևս կդառնան ավելի դինամիկ, խորաթափանց, ճկուն և մարդակենտրոն։

Հուսով եմ, որ այսօրվա խոսքս ձեզ տվեց փոքր, բայց արժեքավոր պատկերացումներ՝ խորհելու և զգալու՝ արդյոք ինտուիցիան պարզապես առասպե՞լ է, թե՞ գերուժ։

Հոդվածի հեղինակ` Վարդուհի Սեդրակյան
DisruptHR Երևան 2025