Հունվարի 31-ին տեղի ունեցավ «հայrate» 2024 մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարգևատրվեցին Հայաստանում գրավիչ գործատուները՝ համաձայն ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցման։
Արդեն չորրորդ տարին է, ինչ նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով շեշտադրել գործատուների գրավչությունն աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների շրջանում և բացահայտելով որքանով հասցեական են իրենց բրենդի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ գործատուների ձեռնարկած միջոցառումները ուսանողների շրջանում:
Հարցմանը մասնակցել են Հայաստանի առաջատար ԲՈւՀ-երի շուրջ 2200 ուսանողներ՝ ազատորեն արտահայտելով իրենց կարծիքը և նշելով 2024թ. գրավիչ գործատուներին՝ անկախ գործունեության ոլորտից:
Որպես գրավիչ գործատու ուսանողները նշել են ավելի քան 500 կազմակերպության անվանում, որոնցից առանձնացվել և մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հարցման արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած 10-ի անունները:
Առանձնահատուկ շեշտադրվել և պարգևատրվել են «Գրավիչ գործատու» և «Ամենագրավիչ գործատու» անվանակարգերում առավելագույն ձայներ հավաքած կազմակերպությունները:
Այսպիսով, առաջին հորիզոնականներում տեղ գտած կազմակերպությունների շարքում են՝
- Ամերիաբանկ
- Դիջիթեյն
- Պիքսարտ
- Կենտրոնական Բանկ
- ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտե
- Ակբա բանկ
- Արդշինբանկ
- Սինոփսիս
- Սոֆթ Կոնստրակտ
- Սերվիս Տիտան
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը, ողջունելով միջոցառման հյուրերին, նշեց. «Այսօր գործատուի բրենդավորման հիմնախնդիրը բիզնես աշխարհում լայն քննարկման առարկա դարձած թեմաներից է։ Գրագետ մշակված բրենդավորումը կարևոր դեր է խաղում ընկերության անհրաժեշտ երիտասարդ տաղանդների ներգրավման, ինչպես նաև աշխատաշուկայում բարձր հեղինակություն ունենալու հարցում: Շատ կարևոր է, որ հայաստանյան գործատուները շարունակաբար զարգանան և աշխատեն իրենց վարկանիշի վրա:
«հայrate»-ը կարևոր նախաձեռնություն է թե՛ ուսանողության պատկերացումների արտացոլման և կարծիքի արտահայտման տեսանկյունից, և թե՛ գործատուների՝ երիտասարդության, որպես Հայաստանի աշխատաշուկայի վաղվա օրվա ներկայացուցիչների հանդեպ առավել ճկուն, խրախուսիչ և ընդգրկուն գործելակերպի ձևավորման համար»։
Գրանթ Թորնթոն Հայաստանի մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթ Գևորգյանը նշում է. «Երիտասարդ տաղանդների ներգրավումը և պահպանումը ռազմավարական առաջնահերթություն է գործատուների համար։ «հայrate»-ի շրջանակում ստացված արդյունքները հնարավորություն են տալիս կազմակերպություններին հասկանալու, թե ինչն է իրականում կարևոր ուսանողների համար ապագա աշխատավայր ընտրելիս։ Որպես գործատու՝ մենք տեսնում ենք, որ բացի մրցակցային վարձատրությունից` ուսանողները մեծ ուշադրություն են դարձնում կարիերայի աճի հնարավորություններին, թիմային մշակույթին և ազդեցություն թողնելու կարողությանը։ Այս նախաձեռնությունը առանցքային դեր է խաղում ուսանող-գործատու կապի ամրապնդման հարցում՝ օգնելով ընկերություններին կատարելագործել իրենց մոտեցումները և ստեղծել ավելի գրավիչ աշխատավայրեր»:
Միջոցառմանը ներկա էին մոտ 200 մասնակից. այդ թվում ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ ԱՍՀՆ նախարարություններից պաշտոնական ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների գործատուների ՄՌԿ մասնագետներ, հայաստանյան մոտ 20 ԲՈՒՀ-երի ղեկավար անձինք և կարիերայի կենտրոնների տնօրեններ, ինչպես նաև՝ ուսանողներ:
Մասնակիցները բարձր գնահատեցին նման նախաձեռնության անհրաժեշտությունը՝ նշելով, որ Հայաստանի գործատուները «հայrate»-ի շնորհիվ հնարավորություն ունեն գնահատել ինչպես իրենց ձեռնարկած քայլերի արդյունավետությունը, այնպես էլ բացահայտել նոր հնարավորություններ երիտասարդ տաղանդների ներգրավման համար:
Վերահաստատվեց ուսանող-գործատու կապի պահպանման անհրաժեշտությունը և ընդգծվեց «հայrate»-ի կարևորությունը՝ որպես այդ հաղորդակցության բացահայտման գործուն միջոց:
Հետազոտության վերլուծության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ