«Կապիտալիստական» գաղափարախոսությունն ասում է, որ տնտեսության կառավարումը չպետք է կենտրոնացվի փոքրաթիվ մարդկանց ձեռքին, այլ պետք է պատկանի հասարակությանը։ Այս դոգմատիկ գաղափարի արգասիքն են սեփականության, ազատության, ընտրության և մյուս իրավունքները։ Ցանցերի ընդլայնման և տնտեսական կյանքի ժողովրդականացման հետևանքով անհրաժեշտություն առաջացավ կորպորացիաների ներսում մարդկանց աշխատանքը կազմակերպել ոչ միայն ռեգլամենտների միջոցով, այլ նաև հարաբերությունների։
Բավական չէ միայն պարտականություններ սահմանելը և պահանջելը, որ մարդիկ կատարեն դրանք։ Մարդիկ չեն կարող պարզապես աշխատել` աշխատելու համար։ Նրանք կորցնում էնտուզիազմը, մարում է շահագրգռությունը, նվազում է երջանկության զգացումը։ Այս բոլոր խնդիրները պարարտ հող են ստեղծում, որ աստիճանաբար ձևավորվեն կորպարատիվ մշակույթի և մարդկային ռեսուրսների կառավարման ճյուղերը։ Դրան նպաստում է այն, որ մարդիկ հեշտությամբ գտնում են իրար չսիրելու, չվստահելու և ստելու պատճառներ։ Չմոռանանք, որ սուտը մարդու զարգացման մեջ կարևոր դեր է ունեցել, և չի կարելի պարզապես ասել, թե ստելը վատ է, և ազատվել հոգսից։
Խնդիրը լուծելու համար ամեն կազմակերպություն ստեղծում է իր ներքին մշակույթը (ֆիկցիան), որն աշխատավայրը պարզապես «գործի տեղից» վերածում է մեծ «ընտանիքի», «պետության» կամ «թիմի»։ Ինչքան մեծ է թիմը, այնքան շատ ռեսուրսներ են պետք ֆիկցիան կառավարելու համար։ Մշակութային պահանջները թելադրում են կադրերը ընտրությունը վերածել ոչ միայն կոշտ հմտությունների որոնման, այլ նաև մարդկային որակների և փափուկ հմտությունների հայտնաբերման մեծ համակարգի։ Այդ համակարգում կարևոր են ճիշտ հարցերը, դրանց հերթականությունը և ստացված տվյալների մասնագիտական վերլուծությունը։ Որպեսզի նոր թիմակցի համար խորթ չլինի կազմակերպության ներքին մշակութային միջավայրը, մասնագետը պետք է բացահայտի նրա թաքնված այն պահանջները, որոնց մասին ընդունված չէ գրել CV-ում։ Այդ բարդ գործընթացի համար «կադրավիկ»-ի գործառույթներն այլևս բավարար չեն։ Պետք է հոգեբան, հասարակագետ, շուկայագետ, մենեջեր լինել` լրագրողի պես հարցեր տալու համար։ Այս ամենին ավելացնենք օր-օրի բացվող նոր կազմակերպությունները, արտագաղթը, տնից աշխատելու մասնագիտությունների էքսպոնենցիալ աճը և դրանցով պայմանավորված կադրային դեֆիցիտը, որը նպաստում է տնտեսության մեջ HR-ի դիրքերի ամրապնդմանը։
Այսօր անհնար է պատկերացնել մեծ կազմակերպության գոյությունն առանց HR մասնագետի։ Դժվար է ասել ով և երբ է առաջին անգամ ստեղծել HR-ը որպես մասնագիտություն, բայց իմ տեսանկյունից դրա սկզբնաղբյուրներն ու արմատները ակնառու են։ Մարդիկ լինելով մեկ ընդհանուր միջավայրում, միաժամանակ շատ տարբեր են։ Խնդիրներ են առաջանում անգամ 10 մարդուց բաղկացած բիզնեսներում, ուր մնաց 500 կամ ավել թիմերում։ Այս մրցակցության հակված մարդկանցից ամեն մեկն ունի իրեն հատուկ շահերն ու հետաքրքրությունները, որոնք հաճախ անհամատեղելի են։ Սակայն ինչպես ասում են շուկայագետները` պահանջարկը ծնում է առաջարկ և միշտ կգտնվի մի փորձառու HR, որը կբացահայտի աշխատակիցների և կազմակերպության շահերը միավորելու հնարավոր բանաձևը։
Հոդվածի հեղինակ` Դավիթ Մեջլումայն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ
Սիրելի՛ հետևորդներ, Հայաստանի ՄՌ Ասոցիացիան պատասխանատվություն չի կրում մեր կայքի ինքնարտահայտվելու այս ազատ հարթակում հրապարակված հոդվածների բովանդակության, լեզվական և տեխնիկական սխալների համար: