
Լուծու՞մ ենք իրական HR խնդիրները, թե՞ պարզապես հետևում ենք նորաձևությանը
Ժամանակակից բիզնես աշխարհում մարդկային ռեսուրսների (HR) մասնագետները կանգնած են անընդհատ փոփոխվող գործիքների, միտումների և «լավագույն փորձերի» հոսքի առաջ։ Անսահմանափակ արձակուրդ, առանց գնահատականի կատարողականի քննարկումներ, «ճկուն աշխատանք»՝ այս ամենը ներկայացվում է որպես աշխատանքային միջավայրի ապագա։
Բայց արդյո՞ք մենք իրականում լուծում ենք մեր կազմակերպության բուն խնդիրները, թե՞ պարզապես շարժվում ենք այն ուղղությամբ, որը «մոդայիկ» է այս պահին։
Երբ լավագույն փորձը դառնում է հերթական միտում
Այսօր հեշտ է տրվել «նորարար» մոտեցումների գայթակղությանը։ HR ոլորտը հագեցած է գրքերով, կարծիքներով, վեբինարներով ու համաժողովներով, որոնք ներկայացնում են, թե ինչն է աշխատում համաշխարհային առաջատար ընկերություններում։
Սակայն կազմակերպությունները հաճախ սկսում են կիրարկել այդ մեթոդները՝ առանց խորությամբ գնահատելու՝ արդյոք դրանք համահունչ են իրենց իրականությանը։ Արդյունքում՝ HR-ը դառնում է արձագանքող, ոչ թե ռազմավարական գործառույթ։
Թրենդի և իրականության միջև բացը
Օրինակ՝ անսահման day off-երի գաղափարը։ Տեսականում՝ այն ամրապնդում է վստահությունը և աշխատակիցների ինքնուրույնությունը։ Սակայն իրականում՝ շատերն ավելի քիչ են արձակուրդ վերցնում՝ չիմանալով «ի՞նչը թույլատրելի է», կամ վախենալով ստանալ պակաս պատասխանատուի տպավորություն։
Այս և նմանատիպ մոտեցումներով մենք հաճախ ուղղակի «սազում ենք ժամանակին», բայց չենք փոխում մարդկանց զգացողությունը, մոտիվացիան կամ վստահությունը կազմակերպության նկատմամբ։
Աշխատանք, որը չի երևում, բայց վճռորոշ է
HR ոլորտում ամենաազդեցիկ աշխատանքը հաճախ տեսանելի չէ։ Դա ներառում է վստահության վերականգնում, կոնֆլիկտների կարգավորում, խախտված գործընթացների վերանայում, ղեկավարների հետ բաց ու դժվարին քննարկումներ։ Սա աշխատանք է, որն ուժ է պահանջում, ոչ թե պարզապես գործիք։
Միտումները կարող են օգնել, բայց միայն այն դեպքում, երբ հիմնված են իրական անհրաժեշտության վրա։ Հակառակ դեպքում՝ դրանք կարող են դառնալ մակերեսային և ոչ արդյունավետ։
Մտածվածություն՝ փոխարենը կրկնօրինակման
Որպեսզի շարժվենք իրական բարելավման ուղղությամբ, մեզ անհրաժեշտ է՝
- Հարցեր տալ նախքան լուծումներ առաջարկելը
- Լսել աշխատակիցներին՝ ոչ միայն հարցումների միջոցով
- Համարձակ լինել չհետևելու «ընթացքին», եթե այն մեր իրականությանը չի համապատասխանում
- Կարևորել երկարաժամկետ ազդեցությունը՝ կարճաժամկետ ցուցանիշների փոխարեն
Սա է այն ճանապարհը, որով HR մասնագետը դառնում է բիզնեսի ռազմավարական գործընկեր, այլ ոչ թե միտումների տարածող։
Վերջաբան
Թրենդները միշտ կլինեն։ Ոմանք՝ օգտակար, մյուսները՝ անցողիկ։ Բայց մեր պատասխանատվությունը՝ որպես HR մասնագետներ, ոչ թե կուրորեն հետևելն է, այլ իրական խնդիրները հասկանալն ու կայուն, իմաստավորված լուծումներ մշակելը։
Եկե՛ք չփորձենք պարզապես տպավորություն թողնել։ Փորձե՛ք իսկապես բարելավել։
Հոդվածի հեղինակ` Աննա Գրիգորյան
DisruptHR Երևան 2025