Աշխատակիցների պահպանման խնդիրը համաճարակի պայմաններում

ashxatakicneri pahpanum

Այսօր ստեղծված ճգնաժամի պայմաններում, կազմակերպությունները իրենց բնականոն գործունեությունը կազմակերպելու համար  թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական և, թե՛ օրենսդրական առումներով բախվում են բազում խնդիրների։ 

Ստեղծված անորոշության մեջ, որտեղ թունելի մյուս կողմում դեռ լույսի նշույլ անգամ չի երևում, կազմակերպությունները հիմնականում արձագանքում են հրատապ, ամենօրյա խնդիրներին, ինչն էլ անհնար է դարձնում որևէ ուղղությամբ հստակ շարժվելը։ 

Ֆինանսական միջոցների առկայությունը և աշխատանքի անընդհատության ապահովումը կարծես թույլ է տալիս ենթադրել, որ առկա մարտահրավերները արդյունավետորեն հաղթահարվում են։ 

Նոր իրականության մեջ ձևավորվում են գործատու-աշխատակից վերանայված հարաբերություններ։ Հեռավար աշխատանքն այսօր գերակշռում է գրասենյակային աշխատանքին։  

Իսկ ինչպե՞ս վարվել այս իրավիճակում աշխատակիցների պահպանման խնդրի հետ։

Աշխատանքների կազմակերպման ձևի փոփոխությանը զուգընթաց որքանո՞վ է ուշադրության արժանանում և կարևորվում աշխատակիցների պահպանման խնդիրն այսօր։ Բազում ուսումնասիրություններ վկայում են աշխատակիցների կողմից մոտիվացիայի անկման և անտարբեր վերաբերմունքի դրսևորման մասին։ 

Այդուհանդերձ, աշխատակիցների պահպանման խնդիրները ճիշտ ընկալելու համար կարևոր է դառնում հասկանալ աշխատակիցների վարքն այս պայմաններում, ինչպես նաև այն բոլոր դրդապատճառները, որոնք ընկած են նրանց գործունեության հիմքում։ Արդյոք աշխատակիցները պատրա՞ստ են կիսել անորոշության բեռն իրենց գործատուների հետ կամ սրտացավորեն կրել դժվարությունները և ընդունել առկա մարտահրավերները, որոնք ծառացել են նրանց առջև։ 

 Հեռավար աշխատանքի ճիշտ և արդյունավետ կազմակերպումը դարձել է կարևորագույն խնդիր։ Ուստի, բոլոր կազմակերպությունները փորձում են ադապտացվել և ընդունել խաղի նոր կանոնները՝ վերանայելով աշխատանքային գործընթացները և իրենց գործելաոճը։ 

Իսկ արդյո՞ք հեռավար աշխատանքը կազմակերպվում է այնպես, որ  թույլ տա պահպանել նաև թիմի ամբողջականությունը։ 

Այստեղ է, որ ավելի քան նախկինում կարևորվում են աշխատակիցների նվիրվածության և ներգրավվածության խնդիրները։ 

Կազմակերպություններում առկա այլ խնդիրներին զուգահեռ ժամանակի հրամայականն է դառնում նաև աշխատակիցների ներգրավվածության ապահովման խնդրի առաջնային դասակարգումը։ Նոր իրականության մեջ, կենսական է դառնում աշխատակիցների հետ արդյունավետ հաղորդակցման ուղիների սահմանումը և կիրառումը։  

Գործատու-աշխատակից արդյունավետ հաղորդակցումը, անկախ ֆիզիկական հեռավորությունից, ենթադրում է, ռազմավարական խնդիրների կատարման գործընթացներում ներգրավվածություն, երկկողմ կարևորության զգացողություն, ինչպես նաև հուզական առումով «հոգատար» մթնոլորտի ձևավորում։

Յուրաքանչյուր աշխատակցի տաղանդի բացահայտումը, դրա արդյունավետ կիրառության  անհրաժեշտ պայմանների ապահովումը  և շարունակական զարգացման հնարավորության ընձեռումը, այսօր ևս շարունակում են հանդես գալ որպես աշխատակիցների պահպանման առանցքային գործիք։ 

Ուստի, միայն աշխատակիցների պահպանման  պրոակտիվ քաղաքականությունը,  թիմային, համատեղ և համագործակցային աշխատանքը թույլ կտան կազմակերպություններին վաղը, թունելի մյուս կողմում մենակ չմնալ․․․

Մերի Մազմանյան, PHRi
ԱԿ վերլուծաբան



Profile photo ofMary_Mazmanyan
Հեղինակ Mary Mazmanyan, PHRi
I am HR Generalist and I have a working knowledge of the latest HR practices and processes, as well as experience of developing, managing performance management, training needs assessment and evaluation processes, employee compensation and benefit strategy. Knowing Employment Law and integrating it is a key competency for me. My key strength lies in being able to take responsibility, communicate as well, actively seek out new challenges and work as a good team member and team leader.