ՄՌԿ-ի դերը ժամանակակից ընկերություններում առավել բազմազան է, քան երբևէ։ Այն ներառում է ինչպես առօրյա վարչարարական հանձնարարություններ և աշխատակիցների դժգոհությունների ու դիմումների հետ աշխատանք, այնպես էլ ռազմավարական մակարդակի վրա աջակցություն ընկերության նպատակների իրականացմանը։ Մեր օրերում աշխատողների բարեկեցությունն ու երջանկությունը, առավել քան երբևէ, ՄՌԿ-ի ուշադրության կենտրոնում են:
Ինչու՞ են ընկերությունները կենտրոնանում աշխատողների բարեկեցության և երջանկության վրա
Ակնհայտ է՝ առողջ և երջանիկ աշխատակիցներն ավելի ներգրավված և մոտիվացված են ընկերության համար երկարաժամկետ արժեք ստեղծելու գործում: Նրանք ոչ միայն բարձրացնում են ընկերության արդյունավետությունը, այլև ամրապնդում են գործատուի բրենդը՝ դառնալով լավագույն տաղանդներին ներգրավող մագնիս:
Աշխատակիցներին առողջ ու երջանիկ պահելու և աշխատավայրում անվտանգ մշակույթ ստեղծելու համար ՄՌԿ մասնագետները մշտապես մշակում և իրականացնում են բարեկեցությանն ուղղված տարբեր ծրագրեր և նախաձեռնություններ, աջակցում են աշխատակիցներին, որպեսզի նրանք կարողանան հասնել լավագույն արդյունքի իրենց աշխատանքում:
ՄՌԿ մասնագետները նաև օգնում և հոգ են տանում աշխատողների մասին, երբ նրանք բախվում են խնդիրների և կոնֆլիկտների՝ այսպիսով կառավարելով աշխատավայրում բացասական հույզերը: Բարդ իրավիճակներ և բացասական հույզեր կառավարողի դերը կարևոր է աշխատավայրում մարդակենտրոն և հարգալից մշակույթ ստեղծելու և աշխատակիցների ֆիզիկական ու հուզական հյուծվածության ռիսկերըը մեղմելու համար:
Ամեն դեպքում, աշխատակիցները և ղեկավարները գիտեն, որ կարող են դիմել ՄՌԿ թիմին աջակցություն և ուղղորդում ստանալու համար, և ՄՌԿ մասնագետներն անում են հնարավորը նրանց օգնելու համար: Բայց ո՞ւմ կարող է դիմել ՄՌԿ մասնագետը: Երբեմն մենք մոռանում ենք, որ ՄՌԿ մասնագետները ևս ենթարկվում են սթրեսային իրավիճակների ազդեցությանը, ինչպես և բոլորը:
Արդյո՞ք նրանք մերօրյա նոր սուպերհերոսներն են:
-Գուցե այո, բայց նրանք էլ են մարդ էակներ:
Ինչու՞ պետք է ՄՌԿ մասնագետներն ստուգեն իրենց բարեկեցության աստիճանը
Forbes-ում հրապարակված վերջին հարցումը ցույց է տվել, որ ՄՌԿ անձնակազմի գրեթե 98%-ի մոտ վերջին վեց ամիսների ընթացքում առաջացել է ծայրահեղ հոգնածության զգացողություն աշխատավայրում: ՄՌԿ ոլորտում լայն տարածված են հյուծվածությունը և հոգնածությունը: Այս փաստը խիստ մտահոգիչ է ոչ միայն ՄՌԿ մասնագետների բարեկեցության համար, այլև ամբողջ ընկերության մթնոլորտի, քանի որ ՄՌԿ մասնագետները շատ կարևոր դեր են խաղում աշխատավայրում դրական մշակույթի զարգացման գործում:
Այսպիսով, ի՞նչ անել
Ժամանակն է, որ ՄՌԿ մասնագետներն ավելի շատ հոգ տանեն իրենց մասին:
Ճիշտ այնպես, ինչպես արտակարգ իրավիճակներում, մենք պետք է առաջին հերթին մեր սեփական թթվածնային դիմակները դնենք, որպեսզի կարողանանք օգնել ուրիշներին: Միայն լավ խնամված ՄՌԿ մասնագետը կարող է հոգ տանել աշխատակիցների մասին և կենսուրախ տրամադրություն ապահովել թիմում:
Այսպիսով, ամեն ինչ սկսվում է Ես-ից:
Ի՞նչ է ինքնախնամքը
Ըստ սահմանման ինքնախնամքը սեփական բարեկեցությունն ու երջանկությունը պահպանելու գործում ակտիվ դեր ստանձնելու գործընթացն է, հատկապես սթրեսի ժամանակ:
Ընդհանուր առմամբ կան ինքնախնամքի 3 հիմնական բաղադրիչներ՝ ֆիզիկական, մտավոր և հուզական։ Դրանք բոլորը փոխկապակցված են և ազդում են միմյանց վրա:
Համոզված եմ, որ բոլոր ՄՌԿ մասնագետները գիտեն այդ մասին և հաճախ խորհուրդ են տալիս աշխատակիցներին հոգ տանել իրենց մասին՝ գնալ մարզասրահ կամ զբոսնել, ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, հանգստություն պահպանել յուրաքանչյուր դժվարին իրավիճակում սթրեսի ազդեցությանը չենթարկվելու համար և այլն:
Այնուամենայնիվ, ինչ-որ բան իմանալը և դա անձամբ կիրառելը երկու տարբեր բաներ են: ՄՌԿ մասնագետները պետք է կիրառեն այն, ինչ նրանք քարոզում են: Այսպիսով, եկեք անկեղծորեն ինքներս մեզ մի քանի հարց տանք, հարգելի՛ ՄՌԿ մասնագետներ, պարզելու համար՝ արդյոք մենք ինքներս հետևում ենք առողջ ապրելակերպի սովորություններին:
Ֆիզիկական առողջություն
Արդյո՞ք լսում եք ձեր մարմնին, զգու՞մ եք, թե ինչ է պետք նրան: Ի՞նչ նոր գործունեություն կամ մարզաձև եք ցանկանում փորձել:
Ֆիզիկական առողջությունը կարևոր է մարդու ընդհանուր բարեկեցության համար: Երբ մեր հիմնական կարիքները բավարարված չեն, մեր մտավոր և հուզական ճկունությունը ևս նվազում է։
Մտավոր առողջություն
Ի՞նչ նոր հմտություններ եք սովորել վերջերս: Արդյո՞ք դուք ունեք բավականաչափ հանգիստ ժամանակ: Դուք զբաղվու՞մ եք մտախոհությամբ։
Հոգ տարեք ձեր մտավոր առողջության մասին. զարգացրեք ձեր միտքը նոր մարտահրավերներով և ներգրավվածությամբ ու միշտ սովորեք նոր հմտություններ:
Հուզական առողջություն
Արդյո՞ք դուք գիտակցում եք ձեր զգացմունքները: Կարողանու՞մ եք կառավարել դրանք՝ անկախ նրանից՝ դրական են, թե բացասական: Ո՞րն է ամենահաճելի և ջերմացնող արարքը, որ կարող եք անել ինքներդ ձեզ համար:
Հուզականորեն առողջ մարդիկ վերահսկում են իրենց մտքերը, զգացմունքները և վարքագիծը: Մնացեք դրական և մոտիվացված, գտեք նպատակ և իմաստ այն ամենում, ինչ անում եք: Ինքնավերլուծությունից հետո դուք կգիտակցեք, թե արդյոք իսկապես զբաղվում եք ինքնախնամքով: Եթե պատասխանը դրական է, հիանալի է, շարունակեք նույն կերպ, եթե պատասխանը բացասական է, ապա պարզապես սկսեք դա անել հենց այսօրվանից:
Հետևեք որոշ խորհուրդների.
- Նախ, ժամանակ հատկացրեք ձեր բարեկեցությամբ զբաղվելուն: Ավելի շատ արեք այն, ինչ ձեզ երջանկացնում է մտավոր, հուզական և ֆիզիկական մակարդակներում: Սովորեք ընդմիջել և թարմ ուժերով վերսկսել զրոյական կետից:
- Պահպանեք հավասարակշռությունը ձեր մասնագիտական և անձնական կյանքի միջև: Ի՞նչն եք ավելի շատ նախընտրում՝ աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռությունը (work-life balance), թե՞ աշխատանքի և անձնական կյանքի համահունչ ինտեգրումը (work-life integration): Որոշումը ձերն է․ հիմնական գաղափարն է՝ ունենալ բավարարվածության զգացում կյանքի բոլոր ոլորտներում:
- Երկու դեպքում էլ հաստատեք առողջ սահմաններ և հավատարիմ մնացեք դրանց աշխատանքի և ժամանցի միջև ներդաշնակությունը պահպանելու համար:
- Սահմանները հստակեցնելուց հետո դրանց մասին հստակ և բաց տեղեկացրեք մարդկանց: Հարաբերություններում եղեք ազնիվ և թափանցիկ: Մարդկանց հետ շփվելիս կարևոր է հստակ ակնկալիքներ սահմանել:
Այնուհետև մենք պետք է հիշենք, որ մենք՝ մարդիկ, սոցիալական էակներ ենք և աջակցություն ստանալու համար այլ մարդկանց հետ կապեր հաստատելու կարիք ունենք: Հետևաբար.
- Կառուցեք ներքին աջակցության թիմ և ապավինեք նրանց: Դուք կարող եք աջակցություն ստանալ ձեր ղեկավարից, ձեր ՄՌԿ թիմի այլ գործընկերներից և կապ հաստատել ձեր ընկերության այլ առաջնորդների հետ: Մի վախեցեք լինել խոցելի. մենք բոլորս առաջին հերթին մարդ ենք:
- Կառուցեք արտաքին աջակցության խումբ. գտեք ՄՌԿ մասնագետների համայնք և աջակցեք միմյանց, կիսվեք գիտելիքներով և փորձով: Ոչ ոք չի կարող ձեզ ավելի լավ հասկանալ, քան «հանցակիցը»:
Ընդհանուր բարեկեցությունը 2023 թվականի ՄՌԿ առաջնահերթությունների շարքում է: Մենք՝ ՄՌԿ մասնագետներս, պետք է սկսենք մեզնից և դառնանք մեր ընկերություններում բարեկեցության օրինակ և առաջնորդենք թիմերը մեր իսկ օրինակով:
Հեղինակ՝ Նազելի Կարախանյան