Մարդկային ռեսուրսների կառավարումը հոգեբանի ոսպնյակի միջով

Մարդկային ռեսուրսների կառավարումն իր գոյության ողջ ընթացքում անցել է պատմական մի ամբողջ ճանապարհ: Տերմինի նշանակությունը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների: HR մասնագետի իրավասություններն ու դերերը սկսել են կադրային գործառույթների կատարումից և հասել են մինչև ռազմավարական և մարդկանց գործընկերոջ դերին։ Այնուամենայնիվ, ինչ կերպարանք էլ որ ընդունի այս դերը, մի բան մնում է անփոփոխ՝ մենք աշխատում ենք մարդկանց հետ, մարդկային հոգիների ու անհատականությունների, հույզերի ու զգացմունքների հետ: Այս հոդվածում կանդրադառնանք մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի դերին հոգեբանի ոսպնյակի միջով և կառաջարկենք մարդակենտրոն People Partner լինելու վեց հիմնական գաղափարախոսությունները։

Անդրադառնալով HR մասնագետների դերի անվանը, կարող ենք ասել, որ այն պատմական բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել․ մարդկային ռեսուրսների կառավարում, մարդկային կապիտալի կառավարում այլն։ Ինձ մոտ հարց է առաջանում, ինչպե՞ս կարելի է ողջ աշխարհին բղավել, որ HR-ը մարդակենտրոն է, որ մարդակենտրոն քաղաքականություններ և գործելակերպ է որդեգրում, եթե մարդ բառը այս արտահայտության մեջ հանդես է գալիս ոչ թե որպես գոյական, այլ ածական է: Վերջին տարիներին հայտնի դարձած Մարդիկ և մշակույթ տերմինը բավականին տարածված է։ Այս կոնտեքստում վերջապես, կարելի է դիտարկել, որ «մադ» բառը հանդես է գալիս որպես գոյական։ Սա որոշակիորեն արդարացնում է այս կառույցի որդեգրած քաղաքականությունն ու մոտեցումները։ Այժմ կարելի է խոսել մարդակենտրոն HR-ի մասին։ Սա տարածված գաղափարախոսություն է ամբողջ աշխարհում, շատ կազմակերպություններ անցնում են այս հայեցակարգին և կյանքի կոչում մարդակենտրոն կամ People 1st մշակույթը:

Կարծում եմ, որ այս մշակույթի հիմքում պետք է կենտրոնացում լինի մարդկանց բարոյահոգեբանական և մենթալ առողջությանը՝ հաշվի առնելով մեր երկրում և ամբողջ աշխարհում առկա սթրեսածին գործոնները։ Նաև պետք է շրջանցել մարդկանց կարծրատիպային մտածողությունը այն մասին, որ մարդիկ հակված չեն հոգեբանական կամ քոուչինգային աջակցություն ստանալու։ Իմ անցած մասնագիտական ճանապարհը հիանալի հող էր ստեղծելու մարդկանց մասին իմ սեփական հայեցակարգը և նոր շունչ հաղորդել HRM-ին՝ ստեղծելով People Partner-ի ինստիտուտը:

Այսպիսով, ձեզ եմ ներկայացնում մարդակենտրոն People Partner լինելու վեց հիմնական գաղափարախոսությունները։

  • Առաջինը վերաբերում է այս կառույցի գործընթացներում հոգեբանական գիտելիքների ամրապնդմանը և կիրառմանը։ Դա շատ արդյունավետ է մարդկանց հետ աշխատելիս։ Հոգեբանությունը հոգու գիտություն է: Երբ մենք գիտենք մարդու կառուցվածքը՝ ինչպես են նրանք մտածում և ինչպես են գործում, մեզ համար ավելի հեշտ է համագործակցել նրանց հետ։ Այս գիտությունը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ ականջ ունենալ աշխատակիցներին լսելու համար, ևս մեկ աչք ունենալ տեսնելու և դիտարկելու համար նրանց վարքագիծը, և ևս մեկ ձեռք ունենալ նրանց աջակցելու համար։
  • Երկրորդը կարծրատիպերից խուսափելն է։ Ես իմ փորձով բացահայտեցի, որ աշխատակիցներից շատերը խորը սեր ունեն հոգեբանության և քոուչինգի նկատմամբ։ Այս թեմայի վերաբերյալ իմ ամենակարևոր խորհուրդն է՝ անհրաժեշտ է եզրակացություններ անել հենվելով սեփական փորձի վրա։

Հաջորդ խորհուրդը մեր աշխատակիցներին լսելու մասին է։ Բայց խնդրում եմ ոչ թե ամենամյա կամ բավարարվածության հարցումներով, ինչպես անում են այս օրերին գրեթե բոլոր կազմակերպությունները: Աշխատակիցներին պետք է առանձին-առանձին լսել, լսել նրանց հարցերը, կարիքները, խնդիրները և ամենակարևորը՝ առաջարկները։
Ով հաճախ է շփվում բանկային համակարգի հետ, պետք է լսած լինի KYC / ճանաչիր հաճախորդիդ/ թերթիկի մասին: Մենք պետք է այն ունենանք նաև մեր աշխատակիցների համար. Ավելի արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ է ճանաչել մեր աշխատակիցների տաղանդներն ու հետաքրքրությունները։ Սա հիանալի դաշտ է մեզ համար՝ ապահովելու աշխատակիցների գոհունակությունը, ապահովելու աշխատանք-տուն հավասարակշռությունը, գտնել տաղանդավոր ու վառ մարդկանց և խթանել տաղանդի դրսևորումները։ Մարդիկ տարբեր են, և նրանց նկատմամբ մոտեցումներըը նույնպես պետք է տարբեր լինեն:
Եվ իմ վերջին խորհուրդը վերաբերում է մեր աշխատակիցների համար որպես գործընկեր հանդես գալուն, այնպիսի մոտեցումների և քաղաքականությունների որդեգրմանը, որպեսզի աշխատակիցները ձգտեն աշխատել և համագործակցել մեզ հետ: Մենք պետք է կենտրոնանանք նրանց սրտի և մտքի վրա: Քանի որ, երբ աշխատակիցներին վերաբերվում ենք որպես «մարդ», նրանց հաջողությունները անդրադառնում են մեր կազմակերպությունների վրա։

Եվ վերջապես, ես ուզում եմ կիսվել People partner լինելու իմ բանաձևով`
Հոգեբանական գիտելիքներ + աջակցող հմտություններ + HRM փորձ + կառավարման գիտելիքներ + ստեղծարարություն = People partner

 

 

Հեղինակ՝  Մարիամ  Խոնչանչյան