- Մարտի 30, 2020
- Հեղինակ` Arpi Karapetyan
- Կատեգորիա Բլոգ
Կորոնավիրուսի բռնկումը առաջացրել է էական մեծ խուճապ, որի հետևանքով շատ մարդիկ բախվել են աշխատանքի անորոշության, վարակի վախի և, իհարկե, մեկուսացման հետ: Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու և ինչքան կտևի այս բռնկումը, սակայն պետք է հասկանալ, որ ցանկացած իրավիճակում կան դրական կողմեր, որոնցից մեկը սեփական ձգտումները հասկանալն է և վաղուց հասունացած որոշումները իրականացնելը: Այդպիսի որոշումներից մեկը կարող է լինել նոր աշխատանքի որոնումը: Հիմա դուք կմտածեք, որ անիրատեսական է և այս դժվար պայմաններում գործատուները նախընտրում են սպասել և նոր մարդ չընդունել աշխատանքի: Սակայն դա այդպես չէ, քանի որ գործատուները նույնպես մարդիկ են, և այս աննախադեպ դիվադադարի պայմաններում երբեմն նախընտրում են հզորացնել իրենց թիմը և ավելի շատ ժամանակ հատկացնել աշխատանքի հարցազրույցներին և անձնակազմի հետ կապված որոշումներին:
Այս հոդվածում փորձում ենք անդրադառնալ մի քանի կարևոր հանգամանքի, որոնք կօգնեն ձեզ կորոնավիրուսի ժամանակահատվածում կողմնորոշվել և որոնել աշխատանք:
Դե, ուրեմն, սկսենք:
1. Մտածեք, թե ինչ եք ուզում անել հետագայում: Այս դիվադադարը շատ հարմար պահ է հասկանալու համար, թե արդյոք գոհ եք այն աշխատանքից և գործունեությունից, որը ընտրել եք: Պետք չէ կտրուկ քայլեր անել, սակայն վերաիմաստավորել անցած ճանապարհը և ձգտումները ժամանակ առ ժամանակ պետք է:
Այսպիսով ամեն իրադրության մեջ միշտ ինչ-որ լավ բան կա: Մեր կացինները սրելու ժամանակը եկել է (հիշու՞մ եք հայտնի պատմությունը փայտահատի մասին, ով րոպե չէր գտնում իր կացինը սրելու): Ե՞րբ մենք դեռ ժամանակ կունենանք ինքներս մեզ համար այնպիսի բան անելու, որը երկար ժամանակ չենք արել և ակամայից խուսափել ենք: Ժամանակն է մի փոքր զբաղվել մեզնով, վերլուծել մեր ուժեղ և թույլ կողմերը, հասկանալ՝ ինչն է մեզ մոտիվացնում, որն է այն երազանքի գործը, որը մեզ կերջանկացնի և կտա լիարժեքության զգացում: Ժամանակն է եղած կոմպետենցիաների վրա կառուցել նոր հմտություններ, հմտություններ, որոնք կտարբերեն մեզ բոլոր մյուսներից մեր մասնագիտական բնագավառում: Ժամանակն է սովորել ոչ թե այն, ինչ մեզ ասում են վերևից, այլն այն, ինչ մենք ինքներս ենք ուզում և ինչի մեջ հետաքրքրված ենք: Ինչու՞ ոչ. հիմա շատ լավ հնարավորություն է փոխել մեր կարիերայի ուղղությունը, որը վաղուց ակնկալում էինք, պլանավորում, սակայն քայլեր չէինք ձեռնարկում: Մի խոսքով, ժամանակն է, և մենք այդ ժամանակն ունենք:
2. Մյուս կարևոր քայլը՝ հզորացրեք ձեր վիրտուալ պրոֆիլը: Եթե դուք փնտրում եք նոր աշխատանք, ապա պետք է համոզվեք, որ լավ եք ներկայացված ձեր սոցիալական հարթակներում:
Մենք միշտ չէ, որ ժամանակ ենք գտնում Linkedin կամ այլ մասնագիտական ցանցերում մանրամասն մեր տվյալները ներկայացնելու, ճիշտ նկար դնելու, հմտությունները ռեյտինգավորելու, երաշխավորագրեր ուզելու, կապերի ցանցը ընդլայնելու և մասնագիտական խմբերում գրանցվելու համար: Հիմա լավ պահ է, համաձայնվեք: Այն, թե ինչպիսին է ձեր կերպարը համացանցում, միշտ է կարևոր եղել, սակայն այժմ այն կարող է դառնալ վճռորոշ, քանի որ դեմառդեմ հարցազրույց դուք կարող է չունենաք:
Օգտագործեք այս ժամանակը ձեր սոցիալական պրոֆիլները կարգի բերելու համար՝ հեռացնելով նյութեր, որոնք հնարավոր է սխալ մեկնաբանությունների տեղիք տան և զինեք ձեր հանրային ներկայացվածությունը ավելի նպատակային նյութերով: Մի խոսքով՝ այժմ մասնագիտական բրենդը հզորացնելու լավ ժամանակ է:
3. Պատրաստ եղեք հեռավար հարցազրույցներին: Այո, երևի թե մենք պետք է ինչ-որ ժամանակ մոռանանք դեմառդեմ հարցազրույցների մասին, ասեմ ավելին, աշխարհը վաղուց գնում է դրան և անկախ մեր այսօրվա իրավիճակից, հեռավար հարցազրույցները դառնում են սովորական և նախընտրելի, քանի որ դրանք խնայում են ժամանակ և գումար: Բացի դրանից, գործատուները ավելի ու ավելի շատ փնտրում են աշխատողներ ոչ միայն իրենց երկրում, այլև աշխարհով մեկ:
Հեռավար հարցազրույցները մտել են մեր կյանք և էականորեն ազդելու են աշխատանքի որոնման գործընթացի վրա: Եվ այս ձևաչափը պահանջում է մեզնից մի փոքր այլ հմտություններ:
Կարևոր է վերաբերվել հեռավար հարցազրույցին այնպես, ինչպես կվերաբերվեիք առդեմին: Հեռավար հարցազրույցին պետք է նախապատրաստվել մի փոքր այլ գործիքակազմով՝ նվիրելով դրան նույն ծավալի պատրաստություն, մոտիվացիա և ջանքեր: Այստեղ, բնականաբար, կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք դեմառդեմ հարցազրույցի ժամանակ չեն լինում: Օրինակները բազմազան են, կարող եմ բերել մի քանիսը: Այսպես՝ կապի խափանումը հաճախակի հանգեցնում է իրար չհասկանալուն կամ ձեր խոսքը մի քանի անգամ կրկնելու անհրաժեշտությանը: Եվ շատ դժվար է կռահել, արդյոք լսեց և հասկացավ ձեր զրուցակիցը այն, ինչ բարձրաձայնեցիք: Նաև հեռավար հարցազրույցի ժամանակ ավելի դժվար է դեկոդավորել զրուցակցի ոչ վերբալ ազդակները, որոնք շատ ավելի կարևոր են ճիշտ ուղղությամբ խոսակցությունը տանելու համար: Միանշանակ, երկու կողմն էլ ավելի են շեղվում, այսպես կոչված, «աղմուկների» վրա, ինչպիսիք են վատ կապը, ձայնի կտրտվելը, պատկերի սառելը և այլն, որը կարող է բերել ավելորդ սթրեսի: Այս ամենը պետք է մտապահել և ավելի մեծ ուշադրություն դարձնել հետադարձ կապի հետ աշխատելու, ավելի պարզ խոսելու և իրար հասկանալու հետ կապված այլ գործոնների վրա: Ձեզ հարկավոր է գործել արհեստավարժ կերպով, ձեր հարցազրույցը անցնել կոկիկ տարածքում, հստակ ֆոնով, որպեսզի հիմնական ուշադրությունը սևեռեք ինքներդ ձեզ վրա, հիշեք՝ վատ ֆոնը նույնպես ավելորդ «աղմուկ» է: Փորձարկեք ձեր վեբ-տեսախցիկն ու խոսափողը, ինտերների որակը: Իմ պրակտիկայում ոչ արդյունավետ հեռավար հարցազրույցների հիմնական պատճառներից մեկը տեխնիկական խնդիրներն են, որոնք դիմացի կողմը չի կարողանում ապահովել:
4. Եվս մեկ լավ լուր: Աշխարհն ավելի քան երբևէ բաց է հեռավար աշխատանքի համար: Իհարկե, ոչ բոլոր մասնագիտություններին է դա վերաբերում: Սակայն վերջին ժամանակաշրջանում իմ բազմաթիվ գործընկերներ աշխարհի տարբեր ծայրերում ընդունվել են հեռավար աշխատանքի պարզապես ճիշտ կողմնորոշվելով և իրենց չսահմանափակելով իրենց երկրում աշխատանքի որոնման կայքերով: Հաջողակ հեռավար աշխատող լինելու համար անհրաժեշտ են որոշակի հմտությունների համակարգ՝ հեռավար շփման, գործերի թվայնացված կազմակերպման, տեխնիկական զինվածության և այլն: Ժամանակն է մտածել այդ ուղղությամբ, քանի որ նույնիսկ մեկուսացման ամիսները ապրելուց հետո, աշխատանքային հարաբերությունները միանշանակ փոխվելու են, և բազմաթիվ գործատուներ սովորելու են հեռավար կառավարմանը և դրա հետ կապված բոլոր բանաձևերին: Որքան արագ դուք դրան պատրաստվեք, այնքան ավելի մեծ առավելություն կունենաք մյուսների նկատմամբ հետագայում:
Եղեք ապահով, մտածեք ձեր մասին և ձեր զարգացման մասին: Ամեն ինչ առջևում է: