Սեպտեմբերի 29-ին Հայաստանում տեղի ունեցավ «Առաջնորդության բնույթը» խորագրով 11-րդ տարածաշրջանային համաժողովը։ Համաժողովը կազմակերպվեց Cascade People & Business ընկերության կողմից Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի աջակցությամբ։
Այս տարի «Առաջնորդության բնույթ»-ն իր հարթակում հյուրընկալեց ավելի քան 200 մասնակիցների, որոնց շարքում կային մարդկային ռեսուրսների համայնքի առաջամարտիկներ, մասնագետներ, տեղական ու միջազգային կազմակերպություններից միջին և բարձր օղակների ղեկավար անձնակազմ, դասընթացավարներ, այսօրվա և վաղվա առաջնորդներ: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով համաշխարհային և տարածաշրջանային բիզնես հանրությանը հուզող առավել արդիական հարցերը՝ համաժողովն այս անգամ ևս հանդես եկավ յուրահատուկ օրակարգով՝ ապահովելով խորքային բովանդակություն և վառ տպավորություններ:
Թեման առաջնորդությունն էր, մասնավորապես՝ առաջնորդության զարգացման և կիրառման այլընտրանքային ձևաչափերը:
Ելույթ ունեցան համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակներ 8 երկրներից՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Լեհաստանից, Օմանից, Հորդանանից, Թունիսից, Ռուսաստանից, Սերբիայից և Հայաստանից։ Խոսնակները կիսվեցին իրենց ոչ ստանդարտ ու նորարար մոտեցումներով, տեղում ցուցադրեցին առաջնորդության և սեփական ներուժի զարգացման կիրառական մեթոդներ։
Համաժողովին աջակցեցին բազմաթիվ ընկերություններ, մասնավորապես՝ «Nairi Insurance» ընկերությունը, «Evocabank»-ը, «Adobe», «ContourGlobal Hydro Cascade», «Ispring», «The Corporate Human–Centricity Indeх» ընկերությունները։ Համաժողովի կողքին էին նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա», «Promo World», «Filosoft» ընկերությունները։
Առ այսօր տարածաշրջանային համաժողովը հյուրընկալել է տարբեր միջազգային բանախոսների ավելի քան 30 երկրներից և շուրջ 3000 մասնակիցների 40 երկրներից: Համաժողովի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար այցելեք կայք: