- Մարտի 20, 2026
- Հեղինակ` Admin HRCommunity
- Կատեգորիա Բլոգ

Ավտոմատացման գերարագ աշխարհում, որտեղ մենք մշտապես խոսում ենք արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և ալգորիթմների մասին, ուզում եմ խոսել բոլորովին այլ թեմայից։ Իսկ ի՞նչ կլինի, եթե AI-ով առաջնորդվող ապագայում մեր ամենաարժեքավոր և ամենաառանցքային ակտիվը ոչ թե սիլիկոնը կամ կոդն է, այլ մեր Մարդկային ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ:
Սակայն այստեղ մի պարադոքս կա. առանց խելամտորեն ստեղծված և կառավարվող անհատի բրենդի, որը շատ ավելին է, քան ինքնակենսագրականը կամ LinkedIn-ի պարզ պրոֆիլը, Մարդկային ինքնության յուրահատուկ ձայնը խամրում է: Խոսքը ոչ թե ցուցադրականության, այլ տեսանելիության մասին է: Սա ճանապարհորդություն է հետ դեպի մեր մարդկային վիճակը: Ճանապարհորդություն՝ հստակեցնելու մեր նպատակը, մեր ծագումն ու ուղղությունը, որպեսզի կարողանանք բացահայտել կորսված հնարավորություններն ու բացահայտել նորերը:
Այս ճանապարհորդությունը հասկանալու համար մենք պետք է հետ նայենք: Ավելի քան 100 տարի առաջ Կառլ Յունգը խոսում էր «պերսոնայի»՝ այն սոցիալական դիմակի մասին, որով մենք ներկայանում ենք աշխարհին: Մեր անհատի բրենդն այդ դիմակի գիտակցված և ռազմավարական ձևավորումն է: Յունգը աշխարհին ներկայացրեց նաև «կոլեկտիվ անգիտակցականի» գաղափարը՝ արքետիպերի և բնազդների ընդհանուր, բնածին պաշարը: Դա մարդկության խորքային, համընդհանուր լեզուն է, որից մենք բոլորս օգտվում ենք: Հենց այդ պատճառով ենք մենք բրենդներին մարդկային հատկանիշներ վերագրում՝ դրանք մեր հաճախորդների համար ավելի վստահելի և ավելի «մերը» դարձնելու համար:
Այստեղ ժամանակից արհեստական բանականության հետ հետաքրքիր զուգահեռ կա։ Այն օգտվում է «կոլեկտիվ տեղեկատվության» բազայից: Այն սկանավորում է ողջ թվային օվկիանոսը՝ յուրաքանչյուր տեքստ, պատկեր և փոխազդեցություն՝ օրինաչափություններ գտնելու և պատասխաններ ստեղծելու համար: Այսպիսով, եթե կոլեկտիվ անգիտակցականը մեր ընդհանուր մարդկայնությունն է, իսկ ԱԲ-ի տվյալները՝ դրա թվային համարժեքը, ապա մեր անհատի բրենդը՝ մեր Մարդկային API-ն, այն եզակի հրահանգն (prompt) է, որը ձև, նպատակ և էմոցիա է հաղորդում այդ հսկայական կոլեկտիվ գիտելիքին:
Իսկ ինչպե՞ս ենք մենք կառուցում այս Մարդկային API-ն՝ անհատի բրենդը: Դա նվազագույնը երեք փուլից բաղկացած գործընթաց է:
- Առաջին՝ Բրենդի պլատֆորմի ստեղծում: Սա բրենդի ներքին՝ չերևացող մասն է: Ես այն ստեղծում եմ Յունգի անհատականության կառուցվածքի միջոցով՝ վերհանելով էությունը, էգոն և պերսոնան՝ ինքնության առանցքի հետ միասին: Այնուհետև մենք սահմանում ենք հիմնական արժեքները, դուրս բերում յուրահատուկ հմտությունները և երկարաժամկետ տեսլականը: Սա ձեր բրենդի հիմնարար՝ խորքային կոդն է՝ ԴՆԹ-ն:
- Երկրորդ՝ վիզուալիզացիա և վերբալիզացիա: Երբ պլատֆորմը պատրաստ է, դուք տեսանելի եք դարձնում այն: Սա ձեր բրենդի տեսքն է, զգացողությունը, ձեր պատմությունը և ձեր եզակի ձայնը: Սա ձեր բրենդի API-ի փաստաթղթավորումն է:
- Երրորդ՝ բրենդ-հաղորդակցություն: Վերջապես, դուք հաղորդակցվում եք: Այս քայլը լսրանաը ներգրավվելու մասին է, ոչ թե պարզապես գոյություն ունենալու: Դուք կիսվում եք ձեր պատմությամբ, ձեր պատկերացումներով, ձեր յուրահատուկ տեսանկյունով: Դուք ոչ թե պարզապես տվյալներ եք տարածում, այլ կառուցում եք երկխոսություն:
ՏՏ ոլորտի առաջնորդների և HR մասնագետների համար սա նշանակում է ավելին, քան պարզապես տեխնիկական հոդվածներով կիսվելը: Սա նշանակում է կիսվել կոդի թիկունքում կանգնած «ինչու»-ով: Այն խնդրով, որն այն լուծում է, ազդեցությամբ, որն այն թողնում է:
Դիտարկենք պայմանական հայկական հայտնի տեխնոլոգիական ընկերության մի առաջնորդի: Պարզապես նորարարության մասին խոսելու փոխարեն՝ եկեք մարդկայնացնենք այն: Եկեք կիսվենք ճանապարհով, ձախողումներով, ստեղծելու կրքով և թիմի հանդեպ նվիրվածությամբ՝ այդպիսով մարդկայնացնելով անհոգի տեխնոլոգիան:
Այդ առաջնորդի անհատի բրենդը, անկասկած, վստահություն է ձևավորում հաճախորդների, ներդրողների և, որ ամենակարևորն է, տաղանդների հաջորդ սերնդի շրջանում: Այն սառը նորարարությունը փոխակերպում է հարազատ պատմությունների: Իսկ հիմա HR-ի համար ամենակարևոր մասը. առաջնորդի անհատի բրենդը գործատուի բրենդինգի հիմքն է: Երբ առաջնորդները մարմնավորում են կազմակերպության արժեքները, նրանք ոչ թե պարզապես ներկայացնում են ընկերությունը, այլ նրանք դառնում են հենց ընկերության մշակույթն են: Իսկական առաջնորդությունը ձգում է լավագույն տաղանդներին: Այն անկեղծ մարդկային կապը վերածում է աճի, կայունության և հաջողության ռազմավարական շարժիչի:
Տվյալները ցույց են տալիս, որ ուժեղ գործատուի բրենդ ունեցող ընկերություններն ստանում են 50%-ով ավելի շատ որակյալ դիմումներ և կրճատում են հավաքագրման ծախսերը 43%-ով: Ձեր անհատի բրենդն ուղղակիորեն ազդում է տաղանդների ներգրավման վրա:
Այս ամենով հանդերձ, ԱԲ-ի դարաշրջանում, երբ ավտոմատացումը կարող է այդքան շատ բան կրկնօրինակել, ներդրումը ձեր մարդկային ինքնության մեջ ոչ թե ցանկալի է, այլ արդիական մնալու բանալին է: Դա կապի բանալին է: Դա կայունության և հաջողության բանալին է:
Այսպիսով, իմ վերջնական կոչը սա է. եկեք դադարենք միայն ալգորիթմներ կառուցել : Եկեք սկսենք կառուցել ինքներս մեզ: Եկեք մեր Մարդկային API-ները դարձնենք նույնքան հզոր, եզակի և հիշվող, որքան մեր ստեղծած ԱԲ-ն է:
Հոդվածի հեղինակ` Հրաչուհի Միրզոյան
DisruptHR Երևան 2025