Կարևորելով մարդկային ռեսուրսների ոլորտում մասնագիտական դասընթացների որակի կարգավորումը և բարձրակարգ ՄՌ մասնագետների պատրաստումն ու զարգացումը, Հայաստանի ՄՌ Ասոցիացիան սկսում է շուկայում գործող ՄՌ դասընթացների, ինչպես նաև դասընթացավարների վավերացման գործընթացը, որոնք կգնահատվեն Ասոցիացիայի խորհրդի կողմից սահմանված հետևյալ չափանիշներով.
- Դասընթացավարի փորձը ՄՌ ոլորտում /ոչ պակաս քան հինգ տարի/ և դասընթացներ վարելու փորձը /ոչ պակաս քան 2000 ժամ/:
- Դասընթացի բովանդակության /body of knowledge/ համապատասխանումը Ասոցիացիայի կողմից հաստատված և միջազգային չափանիշներով ընդունելի գիտելիքի նվազագույն պահանջներին:
Ներկա պահին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան վավերացրել է վերոնշյալ չափանիշներին համապատասխանող չորս դասընթացավարի դասընթաց:
- Cascade People & Business ընկերության հեղինակային «HR academy» դասընթաց
Հաշվի առնելով շուկայում որակյալ HR մասնագետների հսկայական պահանջարկը՝ Cascade People & Business ընկերությունը մշակել է HR academy-ն, որն ունի նպատակ վերապատրաստել և միջազգային ստանդարտներին համապատասխան որակավորում տալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դառնալ պահանջված և հմուտ HR մասնագետ և աճել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում: HR academy-ն HR ոլորտին առնչվող խորքային գիտելիքի և գործնական աշխատանքի արդյունավետ համադրություն է, որի ծրագիրը համաձայնեցված է միջազգային SHRM չափորոշիչներին, ինչպես նաև վավերացված է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից: HR academy-ն տևում է 5 ամիս՝ արծարծելով HR ոլորտի 30 առանցքային ուղղություններ: Ունենալու ենք 32 հանդիպում՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ: Ծրագրի վերջում լինելու է ավարտական թեստ, ինչպես նաև գործնական աշխատանքի պաշտպանություն:
- Անուշ Մանուչարյանի հեղինակային «HR Management» դասընթաց
Տվյալ դասընթացը HR աշխարհի ներածություն է՝ իր հիմնական գործառույթներով, գործընթացներով, HR մասնագետի դերերով և նշանակությամբ՝ առաջարկելով պրակտիկայի հնարավորություն, HR բոլոր գործընթացների ներկայացում, անհատական հետադարձ կապ մասնակիցների հետ, մասնակիցների հմտությունների գնահատում։ Դասընթացը նախատեսված է սկսնակ HR մասնագետների և HR-ով հետաքրքրվածների համար: Դասընթացի մասնակիցները կձևավորեն ամբողջական պատկերացում, թե ինչ է HR-ը, ինչպես նաև հնարավորություն կունենան հասկանալու, թե HR-ի որ ուղղությունն է առավել համապատասխանում իրենց անձնային և մասնագիտական առանձնահատություններին։
- Լիլիթ Գևորգյանի հեղինակային «DEEP HR» տեսական և գործնական դասընթաց
Տվյալ դասընթացն իրենից ներկայացնում է Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման երկամսյա տեսական և գործնական դասընթաց՝ հագեցած «լավագույն փորձի» օրինակներով, որտեղ ցանկացած տեսական մոտեցում ամրապնդվելու է գործնական օրինակներով և հանձնարարություններով։ Դասընթացն ամբողջությամբ ինտերակտիվ է և ընդգրկում է դերային խաղեր և գործնական հանձնարարություններ։
DEEP HR դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն ՄՌԿ բաժնի, ռազմավարության և գործընթացների կառուցում՝ ելնելով ընկերության առանձնահատկություններից և նպատակներից, ՄՌԿ բաժնի և գործընթացների կառավարում՝ հստակ տեխնիկաների և գործիքների միջոցով.
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե Ինչ դեր և գործառույթներ ունի ՄՌԿ բաժինը, ինչ հիմնական ենթաբաժիններից և գործընթացներից է այն բաղկացած, աշխատակիցների հավաքագրման և հարցազրույցների վարման հիմունքներ, գործատուի ներքին և արտաքին բրենդավորում, աշխատակիցների զարգացման հիմնական մեթոդները, աշխակիցների մոտիվացիայի և ներգրավվածության ապահովման կարևորությունն ու մոտեցումները, կատարողականի գնահատման գործիքները, ընկերության կազմակերպչական կառուցվածքի ձևավորում, ինչպես նաև ներքին հաղորդակցության դերը աշխատակիցների մոտիվացիայի բարձրացման հարցում
- 2mindS ընկերության հեղինակային «HR Fundamentals» և «HR Level-up» դասընթացներ
Տվյալ գործնական դասընթացները հնարավորություն կտան մասնակիցներին ամբողջական պատկերացում կազմել մարդկային ռեսուրսների կառավարման սկզբունքների, տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանման և թիմի մասին, ինչպես նաև կձևավորի անհրաժեշտ հմտություններ, այս ոլորտում կարիերա սկսելու և զարգացնելու համար։ Դասընթացում ներառված թեմաներն են՝ մարդկային ռեսուրս vs մարդկային կապիտալը, մարդկային կապիտալի կառավարման էվոլյուցիան, կարևորությունն ու դերը, մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական գործառույթները, գործատուի բրենդավորումը, տաղանդների ներգրավումը և օնբորդինգը, անձնակազմի վերապատրաստումը և զարգացումը, մոտիվացիան, անձնակազմի կատարողականի գնահատումը և ՄՌԿ մետրիկաները։
Նշենք, որ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան չի սահմանափակվում վերոնշյալ դասընթացներով: Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից ՄՌ ոլորտում գործող դասընթացների վավերացման գործընթացը կրելու է շարունակական բնույթ: