- Հունիսի 8, 2020
- Հեղինակ` Magda Movsisyan
- Կատեգորիա Բլոգ
COVID-19-ի բռնկման արդյունքում շատ ընկերությունների ղեկավարներ կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար աշխատանքները ժամանակավոր տեղափոխեցին հեռավար։
Հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպմանը անդրադարձ եղավ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդվածների լրացումներով և փոփոխություններով, մասնավորապես՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«…Հոդված 106.1. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում աշխատանքային պարտականությունների ժամանակավոր կատարումը հեռավար եղանակով. 1. Հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ոչ աշխատանքի վայրից իրականացվող աշխատանքն է, այն դեպքում, երբ այդ հանգամանքներով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատանքի վայրում այդ աշխատանքների իրականացումը: 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հեռավար եղանակով աշխատանքի իրականացումը սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի համարվում աշխատանքի վայրի կամ աշխատանքի էական այլ պայմանի փոփոխություն: 3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները, այդ թվում՝ հեռավար եղանակով, չօգտագործված ամենամյա արձակուրդի օրեր ունենալու պարագայում՝ աշխատողի պահանջով գործատուն աշխատողին տրամադրում է ամենամյա արձակուրդ…»: |
Շուտով կհանվեն ժամանակավոր սահմանափակումները, և մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին: Ընկերությունները, ելներով իրենց իսկ հարմարավետությունից, իրենք կորոշեն աշխատանքի կազմակերպման եղանակը:
Հեռավար աշխատանքի եղանակը կարող է գրավիչ տարբերակ լինել ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների համար: Աշխատողների համար ճկուն աշխատանքային գրաֆիկը և ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորությունը կարող են հեռավար աշխատանքը դարձնել ավելի նախընտրելի: Գործատուների համար հեռավար աշխատանքը կարող է օգնել գումար խնայել և բարձրացնել արտադրողականությունը՝ արդյունավետ կառավարման քաղաքականություն սահմանելու դեպքում:
Արտակարգ դրության ավարտից հետո ակնհայտ է, որ շատ բիզնեսների համար հեռավար աշխատանքը կարող է լինել ծախսերի կրճատման միջոց, և մի շարք ընկերություններ իրենց աշխատողների մի մասի համար կցանկանան պահպանել հեռավար աշխատանքային ռեժիմը:
Պետք է փաստենք, որ գործող ՀՀ Աշխատանքային օրենսգրքով հեռավար աշխատանքը կարգավորվում է՝ նույնականացվելով տնաշխատի աշխատանքի հետ:
«Հոդված 98. Աշխատանքային պայմանագիրը տնաշխատների հետ
Տնաշխատ են համարվում այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատանքները կատարում են տանը` գործատուի տրամադրած կամ իր և իր հաշվին ձեռք բերած նյութերով, գործիքներով ու սարքավորումներով: Տնաշխատի կողմից սեփական գործիքներով ու սարքավորումներով աշխատանք կատարվելու դեպքում գործատուն վճարում է հատուցում գործիքների ու սարքավորումների մաշվածության համար` աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում: Տնաշխատին հումքով, նյութերով և կիսաֆաբրիկատներով ապահովելու կարգը և ժամկետները, տնաշխատին պատկանող նյութերի դիմաց վճարման կարգը, պատրաստի արտադրանքի տեղափոխման, ինչպես նաև աշխատավարձի վճարման կարգն ու ժամկետները սահմանվում են աշխատանքային պայմանագրով: Տնաշխատների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով»: |
Հավասարեցնելով հեռավար աշխատանքը տնաշխատների աշխատանքի հետ՝ դիտարկենք այն սահմանումները, որոնք անհրաժեշտ կլինի կիրառել ՄՌ գործավարության մեջ հեռավար աշխատանքի սահմանման դեպքում:
- Հեռավար աշխատանքը աշխատանքային գործառույթի իրականացումն է, որը սահմանված է աշխատանքային պայմանագրով:
- Հեռավար աշխատանքը գործատուի գտնվելու վայրից, նրա մասնաճյուղից, ներկայացուցչությունից, այլ առանձին կառուցվածքային ստորաբաժանումից այլ վայրում/այլ տարածքում ոչ ստացիոնար աշխատատեղից իրականացվող աշխատանքն է:
- Հեռավար աշխատանքային գործառույթի և դրա հետ կապված հարցերի իրականացումը գործատուն և աշխատողը կարող են կատարել՝ օգտագործելով հանրային տեղեկատվական և հեռահաղորդակցման ցանցերը, ներառյալ՝ ինտերնետը:
- Հեռավար աշխատողներ համարվում են այն անձինք, ովքեր աշխատանքային պայմանագիր են կնքել հեռավար աշխատանքի համար, այսինքն ՝ աշխատանքային պայմանագրում այդ պայմանը պետք է հստակ նշված լինի:
- Հեռավար աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:
- Հեռավար աշխատողը հաշվառվում է ընկերության աշխատողների թվաքանակում:
Աշխատանքը կատարելու համար կարող է կնքվել հեռավար աշխատանքի պայմանագիր, որի արդյունքը նյութական արտահայտություն չունի (օրինակ ՝ ծրագրավորողների, խորհրդատուների, լրագրողների, և այլ մտավոր աշխատողների հետ):
Հեռավար աշխատողի ստեղծած մտավոր արտադրանքը գործատուի սեփականությունն է:
Ամփոփենք.
Հեռավար աշխատանքի կազմակերպման HR գործավարությունը պարտադիր է իրականացնել գործող օրենքի պահանջներին, ընկերության կանոնադրությանը, ներքին կանոնակարգերին, կառավարման կարգադրություններին և աշխատանքի նորմերին համապատասխան:
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան պատրաստ է ուղղորդել ձեզ հեռավար եղանակով աշխատանքը ճիշտ կազմակերպելու հարցում: