9-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողով. «ՄՌ Նոր Նորմալը»
- Օգոստոսի 24, 2020
- Կատեգորիա Նորություններ
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի եւ Cascade People & Business ընկերության համատեղ ջանքերով արդեն 9 տարի շարունակ Հայաստանում կազմակերպվում է Մարդկային Ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողով: Ամեն տարի տարբեր թեմաների շրջանակներում հրավիրվող համաժողովն արծարծում է Մարդկային Ռեսուրսների կառավարման ոլորտի առավել առաջնային ու անհրաժեշտ հիմնահարցերը:
Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի տեղի ունեցավ Օգոստոսի 21-ին՝ դեմ առ դեմ օֆլայն հաղորդակցությունը փոխարինելով օնլայնով: Այն կրում էր HR: THE NEW NORMAL խորագիրը: Համաժողովի ժամանակ մասնակիցները հնարավորություն ստացան լսելու տարբեր ելույթներ, մասնակցելու ՄՌ Էքսպոյի, քննարկելու արդիական խնդիրներ, ծանոթանալու ՄՌ ոլորտին առնչվող առաջարկներին, տարբերվող ու նորարարական լուծումներին։
Այս տարի համաժողովը հյուրընկալել է հատուկ հրավիրված հանրահայտ ընկերություններ ներկայացնող 12 միջազգային խոսնակների, որոնք մասնակիցների հետ կիսվեցին մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում իրենց կողմից կիրառված իրական քեյսերով։ Նրանցից յուրաքանչյուրը, հիմնվելով իր փորձի եւ գիտելիքների վրա, ներկայացրեց նաեւ մարդկային ռեսուրսների կառավարման «Նոր Նորմալ»-ի իր բանաձեւը:
«Այս տարի համաժողովն ուներ բացարձակ կիրառական ուղղվածություն, քանի որ մենք բոլորս հասկանում ենք, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի համաճարակը եւ ընդհանրապես գլոբալ համաշխարհային փոփոխությունները սկզբունքային այլ շեշտադրումներ են մտցրել մեր մասնագիտության մեջ: Փոփոխություններ են անհրաժեշտ մեր ոլորտի ոչ միայն կոնցեպտուալ, այլեւ կիրառական բնագավառում: Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը վերազինվում է եւ կերպարանափոխվում: Ելնելով այդ հանգամանքից` HR: The New Normal համաժողովը անդրադարձավ հենց իրական, շոշափելի եւ արդյունավետ կիրառված գործիքակազմերին»,- նշեց համաժողովի կազմակերպիչ՝ Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ եւ Cascade People & Business ընկերության տնօրեն Արփի Կարապետյանը:
«Ինձ համար ՄՌ Նոր Նորմալը «օնլայնն» է, տեխնոլոգիաներն են եւ իհարկե նոր նորմալը մարդիկ են: Այս համաճարակի ընթացքում ՄՌ գործառույթները ստացել են ավելի ռազմավարական եւ վճռորոշ նշանակություն ընկերություններում եւ կազմակերպություններում ճգնաժամի կառավարման համար»,- ասում է համաժողովի խոսնակ՝ HR Bot Factory ընկերության հիմնադիր Անտոնիո Կորալը:
Human Capital Blockchain LTD ընկերության համահիմնադիրներից Ռեբեկա Ֆերնանդեսը, նշում է, որ «ՄՌ Նոր Նորմալ»-ը նորարարության եւ ռազմավարության միաձուլումն է:
Համաժողովի մյուս խոսնակ Լարիսա Մենոչին արձանագրում է. «Ինձ համար ՄՌ Նոր Նորմալը գիտակցված զարգացման եւ հոգեբանական անվտանգության խթանումն է բոլոր թիմերի համար` անկախ նրանից, թե նրանք աշխարհի որ ծայրում են գտնվում»:
Leroy Merlin ընկերության Թվային նախագծերի ղեկավար Լինդա Բենոթմանիի համար «ՄՌ Նոր Նորմալը» փոփոխություններին պատրաստ լինելն ու դրանք կառավարելն է, ինչպես նաեւ ճկուն եւ կարեկցող մնալը:
Ոլորտի սպասված ամենամյա միջոցառմանը ներկա է գտնվել շուրջ 200 մասնակից՝ ներկայացնելով ավելի քան 30 երկիր`Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Մոլդովա, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Մալթա, Բրազիլիա, Սուրինամ, Սուդան, Լիբանան, Վիետնամ, Մալազիա, Ֆիլիպիններ, Մալդիվներ, Հնդկաստան եւ այլն: Մասնակիցների թվում կային ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ եւ այլ շահառուներ` տեղական ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններից:
Համաժողովի գլխավոր գործընկերներն են SAP միջազգային ընկերությունը, Suriname Speaking Academy-ին եւ ԱՐԱՐ թիմը։ Համաժողովի EXPO գործընկերներն են՝ Lucky Carrot, Joong, CELA, Tutor Platform, The Benefit, Golden Human Capital LTD, Business School of Marketing & Innovations, 360 stories, ITD World, iSpring եւ այլ ընկերություններ։
Համաժողովը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները եւ ստանում ավելի մեծ ճանաչում աշխարհի մասնագիտական համայնքում` տեղական եւ միջազգային մասնագետներին տալով փորձի փոխանակման հնարավորություն:
Ծրագրի, խոսնակների, EXPO-ի եւ այլ մանրամասնների մասին կարող եք տեղեկանալ համաժողովի կայքից՝ www.hrconference.biz, ինչպես նաեւ սոցիալական հարթակներից:
Cascade People & Business-ը (www.cascade.am) մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի առաջատար խորհրդատվական ընկերություն է Հայաստանում՝ գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում եւ ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Գործունեության 12 տարիների ընթացքում համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ ընկերությունը փոփոխություն է բերում եւ ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան (www.hrcommunity.am) սկսած 2010թ-ից մինչ այսօր ունի ավելի քան 300 անդամ՝ Հայաստանի տարբեր ընկերություններից: Ասոցիացիայի նպատակն է համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, «ՄՌ ակումբ» գործնական հանդիպումների ու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով: