ՆՈՐ ԷՋ նախագիծ
- Հունվարի 15, 2021 - Դեկտեմբերի 15, 2021
2021 թվականի հունվարին մեկնարկել է «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը։ Վերջինս միտված է աջակցելու այն անձանց, որոնք մասնակցել են մարտական գործողություններին և զորացրվել են:
Ծրագրի շրջանակներում ընտրվելու են 18-30 տարեկան շուրջ 1.000 երիտասարդներ, որոնց հետ անցկացվելու են մասնագիտական հարցազրույցներ։ Հիմնվելով ստացված արդյունքների վրա՝ կազմակերպվելու են մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, ուսուցման և զարգացման դասընթացներ՝ տարբեր մասնագիտական ուղղվածություններով։ Այդ ծրագրերի շրջանակում երիտասարդները կկարողանան բացահայտել ու վերաիմաստավորել սեփական հնարավորությունները, ձեռք բերել հստակ հմտություններ աշխատաշուկա մուտք գործելու և լիարժեք կյանք վերադառնալու նպատակով:
«Նոր Էջ» նախագիծը համագործակցելու է շուրջ 500 կազմակերպությունների և կառույցների հետ, որոնց պահանջներից ելնելով, կձևավորվեն և կիրականացվեն ուսուցման, զարգացման և ուղղորդման թիրախային ծրագրեր:
Նախագծի ընթացքում պարբերաբար իրականացվելու է մոնիթորինգ՝ ընդհանուր դինամիկային հետևելու և անհրաժեշտության դեպքում ընթացիկ փոփոխություններ իրականացնելու նպատակով:
Նախագիծը նախաձեռնել և մշակել է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ն և կյանքի կոչվելու հնարավորություն է ստացել «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ։ Ստեղծված իրավիճակում անկարելի է անտարբեր մնալ այն դժվարությունների նկատմամբ, որոնց առջև վերջին իրադարձությունների արդյունքում կանգնել են բազմաթիվ հայ երիտասարդներ։
Կոչ ենք անում բոլոր այն կառույցներին, որոնք կիսում են այս տեսլականը և հաստատակամ են աջակցել ծրագրին, միանալ և օժանդակել նախագծի իրականացմանը։