- Փետրվարի 9, 2026
- Կատեգորիա Նորություններ

Փետրվարի 6-ին տեղի ունեցավ հայrate 2025 հոբելյանական 5-րդ մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարգևատրվեցին Հայաստանում գրավիչ գործատուները՝ համաձայն ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցման։
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության հետ համագործակցությամբ արդեն հինգերորդ տարին իրականացնում է ուսանողների շրջանում գործատուների վարկանիշավորման հետազոտական ամենամյա «հայrate» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի ուսանողների շրջանում գործատուի բրենդի ընկալման, վստահության և նախընտրության ուսումնասիրությունն է։
«հայrate» նախաձեռնությունն անցած 5 տարիների ընթացքում դարձել է յուրահատուկ հարթակ, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերն՝ ուսանողները, բուհերը, գործատուները և պետական ատյաներն, ունեն հնարավորություն երկխոսության և համագործակցության արդյունքում ստանալ ճիշտ տվյալներ իրենց գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու և տվյալահեն որոշումներ կայացնելու համար:
Որպես գրավիչ գործատու ուսանողները նշել են 100-ից ավելի կազմակերպությունների անուններ, որոնցից մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել և պարգևոտրվել են հարցման արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած 10 կազմակերպությունները՝ «գրավիչ գործատու» և «ամենագրավիչ գործատու» անվանակարգերում:
Այսպիսով, առաջին հորիզոնականներում տեղ գտած կազմակերպությունների շարքում են՝
- Ամերիաբանկ
- Դիջիթեյն
- Պիքսարտ
- Կենտրոնական Բանկ
- Արդշինբանկ
- ՀՀ ՊԵԿ
- Սինոփսիս
- Ակբա բանկ
- Սերվիս Տիտան
- Սոֆթ Կոնստրակտ
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը, ողջունելով միջոցառման հյուրերին, նշեց. «Գործատուի բրենդն իր բոլոր ածանցյալ գործառույթներով՝ արդարացիություն աշխատավայրում, վստահություն առաջնորդի նկատմամբ, ճիշտ հավաքագրման գործընթացներ և այլն, գնալով ավելի բարձր հորիզոնականներ է զբաղեցնում համաշխարհային շուկայում ՄՌԿ համայնքի մասնագիտական գործելաոճում: Այդ մասին են վկայում EAPM-ի 2025թ. վերջին հետազոտության արդյունքները, որտեղ գործատուի բրենդավորումը, որպես կարևորագույն գործառույթ, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Փաստացի, մենք այս հարցն ավելի շուտ ենք սկսել բարձրաձայնել հայաստանյան շուկայում, քան համաշխարհային համայնքը դրան հասել է:
Շատ ենք կարևորում այս միջոցառումը: Շատ մեծ ներդրում ենք ունենում, որպեսզի ավելի ու ավելի շատ ուսանողներ ներգրավենք այս ամենում, որ խրախուսենք երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Որովհետև աշխատաշուկայի զարգացման կարևորագույն առանցքային անկյունաքարերից մեկը հենց այդ երկխոսությունն է, որի արդյունքում ծնվում են գաղափարներ և կատարվում են կոնկրետ գործողություններ»։
Գրանթ Թորնթոն Հայաստանի մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթ Գևորգյանը նշում է. «Այսօր, երբ աշխատաշուկան շատ արագ է փոխվում, երիտասարդ մասնագետներին ներգրավելու և նրանց համար աճի իրական հնարավորություններ ստեղծելու հարցը դարձել է գործատուների կարևորագույն առաջնահերթություններից։ «հայrate»-ի արդյունքում ստացված պատկերն ազնիվ հայելի է՝ ցույց տալով, թե ինչ ակնկալիքներ ունեն ուսանողները ժամանակակից աշխատավայրից։
Շատերին գրավում է ոչ միայն արժանապատիվ վարձատրությունը, այլև թիմային առողջ միջավայրը, մասնագիտական զարգացման թափանցիկ ուղիները և իրենց աշխատանքով տեսանելի ազդեցություն ունենալու հնարավորությունը։ Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս գործատուներին վերաիմաստավորել իրենց մարդկային կապիտալի նկատմամբ մոտեցումները՝ ձևավորելով միջավայր, որտեղ երիտասարդները կարող են ոչ միայն աշխատել, այլ նաև աճել, նախաձեռնող լինել և համարձակ գաղափարներ կյանքի կոչել։ Այսօր կարող եմ վստահ ասել, որ «հայrate» նախաձեռնությունը շարունակում է ամրապնդել ուսանողների և գործատուների համագործակցությունը՝ զարգացնելով գիտակցված ընտրությունների մշակույթ և նպաստելով կազմակերպությունների մրցունակության բարձրացմանը»:
Skill Event Marketing ընկերության հիմնադիր և բիզնեսի զարգացման տնօրեն, Career City Fest-ի պրոդյուսեր Սերգեյ Ուսնունցը, ողջունելով միջոցառման հյուրերին, նշեց. «Skill-ի համար գործատուի բրենդը միանվագ հաղորդակցություն չէ, այլ ռազմավարական ուղղություն։ Մենք տեսնում ենք, որ հայrate-ի նման նախաձեռնությունները շուկայի համար ձևավորում են գործատուի որակի հստակ չափանիշներ և ուժեղացնում են մասնագիտական քննարկումը կազմակերպությունների մշակույթի, վստահության և աշխատակիցների իրական փորձի շուրջ։ Շնորհակալություն Հայաստանի ՄՌ Ասոցիացիային և Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերությանը և բոլոր կազմակերպություններին՝ գործատուի բրենդի ստանդարտները բարձրացնելու համար»:
Միջոցառմանը ներկա էին մոտ 200 մասնակից. այդ թվում ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ ԱՍՀՆ նախարարություններից պաշտոնական ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների գործատուների ՄՌԿ մասնագետներ, հայաստանյան մոտ 20 ԲՈՒՀ-երի ղեկավար անձինք և կարիերայի կենտրոնների տնօրեններ, ինչպես նաև ուսանողներ:
Մասնակիցները բարձր գնահատեցին նման նախաձեռնության անհրաժեշտությունը՝ նշելով, որ Հայաստանի գործատուները «հայrate»-ի շնորհիվ հնարավորություն ունեն գնահատել ինչպես իրենց ձեռնարկած քայլերի արդյունավետությունը, այնպես էլ բացահայտել նոր հնարավորություններ երիտասարդ տաղանդների ներգրավման համար:
Վերահաստատվեց ուսանող-գործատու կապի պահպանման անհրաժեշտությունն ու ընդգծվեց «հայrate»-ի կարևորությունը՝ որպես այդ հաղորդակցության բացահայտման գործուն միջոց:
Հետազոտության վերլուծության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ












