Տարածաշրջանային 5-րդ ՄՌ համաժողով
- Հոկտեմբերի 17, 2016 - Հոկտեմբերի 18, 2016
- 11:00 - 16:05
- Աղվերան, Հայաստան
«Ինտելեկտի գործակից. ընդհանուր (IQ), թե հուզական (EQ)»
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Կասկադ Քնսալթընթս ընկերության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-18-ը Աղվերանում կայացավ 5-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը, որն այս տարի անդրադարձավ գործնական աշխարհում մարդկային կապիտալի ուսումնասիրման ոլորտում ամենաուշագրավ թեմաներից մեկին՝ Ինտելեկտի գործակից. ընդհանուր, թե՞ հուզական (IQ vs EQ):
Այս տարվա համաժողովի հատուկ հյուրն էր աշխարհի 3 խոշորագույն քոուչինգ դպրոցներից մեկի՝ Էրիքսըն Քոուչինգ Ինթերնեյշնըլ ընկերության հիմնադիր Մերիլին Էթկինսոնը, որի մշակած մի շարք քուչինգ մոդելներ հաջողությամբ ներդրվել և կիրառվում են աշխարհի բազմաթիվ կազմակերպություններում: «Անչափ ուրախ եմ՝ ներկա գտնվելու այս համաժողովին: Հաճելի է տեսնել լսարանի աճող հետաքրքրությունն ու ներգրավվածությունը: Ինձ ուղղված հարցերից կարող եմ ենթադրել, որ այստեղ հավաքված են իրենց գործին նվիրված մասնագետներ, որոնք նաև հետաքքրված են՝ բացահայտելու նոր մոտեցումներ և մեթոդներ: Վստահ եմ, որ այս համաժողովը կնպաստի նրանց մասնագիտական հմտությունների աճին», –ասաց Մերիլին Էթկինսոնը:
«Թվով 5-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը, որն ամեն տարի կազմակերպվում է Կասկադ Քնսալթընթս ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով դարձել է ոլորտի գլխավոր և ամենասպասված իրադարձությունը տարածաշրջանում։ Սա փաստում է այն մասին, որ համաժողովի գաղափարը, ձևափաչը և ընտրված թեմաները սիրվել և կարևորվել են շուկայում: Հինգ տարիների ընթացքում մենք կարողացել ենք կյանքի կոչել կարևոր նախաձեռնություններ՝ մասնավորապես Հայաստանում ՄՌ մասնագիտության սերտիֆիկացումը ըստ միջազգային ստանդարտների (HRCI, մասնավորապես՝ PHRi կամ SPHRi), քոուչինգի ներկայացումը և Միջազգային Քոուչինգ Ֆեդերացիայի (ICF) հավաստագրման ճանապարհի հարթումը մասնագիտական համայնքի համար, մշտապես առաջարկել ենք առավել արդի և կիրառական ՄՌ գործիքներ՝ դրանով իսկ խրախուսելով մարդկային կապիտալի շարունակական զարգացման մշակույթը», – ասաց Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ և Կասկադ Քնսալթընթս ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը:
«Կասկադ Քնսալթընթս ընկերությունը, ՄՌ կառավարման ոլորտի բարձրորակ նորարարական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն լինելով, 5 տարի անընդմեջ խթանում է ՄՌ ինդուստրիայի ժամանակակից տենդենցների տարածումը տարածաշրջանում: Այս տարվա թեման առանձնահատուկ է իր կարևորությամբ և խորությամբ. հուզական ինտելեկտի հարցը ողջ աշխարհում գործարար միջավայրի ուշադրության կենտրոնում է», – նշեց Կասկադ Քնսալթընթս ընկերության կառավարման գործընկեր Արմինե Հայրապետյանը:
Համաժողովին ներկա էին 140-ից ավելի պատվիրակներ՝ ՄՌ մասնագետներ և փորձագետներ, ընկերությունների ղեկավարներ և ոլորտով հետաքրքրվող անձիք ավելի քան 90 տեղական և միջազգային կազմակերպություններից:
Գնահատելով այս միջոցառման կարևորությունը ՄՌ ոլորտի կայացման և զարգացման գործում՝ այս տարի ևս համաժողովին աջակցում էր Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերությունը (GIZ GmbH) Գերմանիայի միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: