Ինչու՞ ենք դեռ վարանում օգտագործել արհեստական բանականությունը․ երեք հոգեբանական խոչընդոտ

Արհեստական բանականությունն այլևս հեռավոր միտում չէ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Յուրաքանչյուր խոշոր տեխնոլոգիական փոփոխություն վերափոխել է մեր մասնագիտությունը․ համակարգիչները՝ 1970-ականներին, համացանցը՝ 1990-ականներին, բջջային էկոհամակարգերը՝ 2010-ականներին։ 

Գեներատիվ արհեստական բանականությունը նույն մասշտաբի փոփոխություն է։ Այն արդեն ազդում է, թե կազմակերպություններն ինչպես են սահմանում տաղանդը, առաջնորդությունը և կազմակերպության կարողությունները։

Արևմտյան առաջատար ընկերություններում ԱԲ-ի (արհեստական բանականություն) գրագիտությունը դառնում է առաջնորդության և պոտենցիալի մոդելների մաս:  Քանի որ գեներատիվ ԱԲ-ն ստանձնում է ավելի շատ օպերացիոն և վերլուծական առաջադրանքներ, առաջնորդության պրոֆիլն ինքնին փոխվում է՝ դեպի պակաս ուղղակի վերահսկողություն, ավելի շատ ֆասիլիտացիա, ռազմավարական կողմնորոշում։

Սա մեզ համար, ովքեր HR ոլորտում են, ազդանշան է, որ շուտով մենք ԱԲ գրագիտությունը կգնահատենք այնպես, ինչպես այժմ գնահատում ենք հաղորդակցման կամ ռազմավարական մտածողության հմտությունները։

Ճկունությունը միշտ եղել է մեր մանդատի մասը․ մենք օգնում ենք մյուսներին կողմնորոշվել իրենց դերերում կատարվող տեխնոլոգիական փոփոխությունների մեջ, ինչը նշանակում է, որ մենք ևս չենք կարող մնալ դիտորդի դիրքում։ Պարտադիր չէ դառնալ «ԱԲ քարոզիչներ», բայց կարող ենք լինել վստահ և գրագետ օգտատերեր։

Եվ այնուամենայնիվ, չնայած կարևորությանը, շատ HR մասնագետներ ԱԲ-ն ավելի քիչ են օգտագործում, քան կարող էին։ Վարանման պատճառը հաճախ հոգեբանական է, ոչ թե էթիկական կամ գաղափարական։

  • Պահպանողականություն․ «Ինձ այսպես էլ է հարմար»

Նոր գործիքների նկատմամբ զգուշավորությունը բնական է։ Ծանոթ ընթացակարգերը արդյունավետ և հուսալի են թվում։ Հեշտ է մտածել․ «սա բավական լավ է աշխատում», «դեռ ամբողջությամբ փորձարկված չէ», «փորձարկելու ժամանակ չկա»։ Կայունությունն արժեք ունի, հատկապես այն գործառույթներում, որոնք պատասխանատու են մարդկանց և ռիսկերի համար։

Սակայն տեխնոլոգիան չունի նման բնազդ։ Այն առաջ է շարժվում՝ անկախ անձնական պատրաստակամությունից։ Էլեկտրականությունը, համակարգիչները և համացանցը նույն ճանապարհով են անցել, և ԱԲ-ն բացառություն չէ։

Պահպանողականությունից դուրս գալու գործնական ձևերից մեկն է արհեստական բանականությանը վերաբերվել որպես նոր աշխատակցի։ Սկսել փոքր, ցածր ռիսկային առաջադրանքներից. քերականական ստուգումներ, նամակների սևագրեր, փաստաթղթերի առաջին տարբերակներ։ Ոչ ոք առաջին օրը բարդ ռազմավարական նախագիծ չի հանձնում նոր աշխատակցին։ Վստահությունը ձևավորվում է աստիճանաբար։ Այստեղ նույն սկզբունքն է գործում․ փոքր առաջադրանքներ, հետադարձ կապ, ճշգրտում, և ապա ավելի լայն պատասխանատվություն։

  • Հասկացողության պակաս․ «Չեմ հասկանում՝ ինչպես է սա աշխատում»

Ոչ վաղ անցյալում բազմաթիվ ալգորիթմեր էին կոչվում «Արհեստական բանականություն»։ Զարմանալի չէ, որ մենք կասկածամիտ դարձանք։ Սակայն ժամանակակից գեներատիվ ԱԲ-ն տարբեր է։ Կանոններին պարզապես հետևելու փոխարեն, այն ստեղծագործում է, քանի որ աշխատում է համատեքստի հետ։

Օրինակ՝ գնահատման և զարգացման ոլորտում գեներատիվ ԱԲ-ն կարող է զգալիորեն արագացնել աշխատանքը՝ պաշտոնների և հմտությունների պրոֆիլավորում, գնահատման գործիքների մշակում, որակական հետազոտության նախնական մշակում, թեստային պրոֆիլների մեկնաբանում։ Առաջադրանքներ, որոնք նախկինում պահանջում էին մի քանի ժամ փորձագիտական աշխատանք, այժմ կարող են իրականացվել ավելի արագ, հաճախ համադրելի, իսկ երբեմն նաև ավելի բարձր որակով, եթե ԱԲ-ն օգտագործվում է մտածված ձևով։

ԱԲ-ն հիշեցնում է գերբարձր որակավորում ունեցող աշխատակցի` մեծ կարողություններով, բայց արդյունավետ միայն հստակ ուղղորդման դեպքում։ Դրա արժեքը կախված է հարցման ձևակերպման (prompt), տրամադրված համատեքստի և տրված հետադարձ կապի որակից։ Երբ դուք գիտակցաբար ժամանակ եք հատկացնում փորձարկման համար, փոխում եք հարցումները, ավելացնում համատեքստ, ճշգրտում հրահանգները, սկսում եք զգալ, թե ինչպես է աշխատում ԱԲ-ն։ Պրակտիկան ձևավորում է ծանոթություն և վստահություն։

  • «Ավելի հիմարանալու» վախ

Թերևս ամենամարդկային մտահոգությունն է՝ կորցնել սեփական մտավոր սրությունը։ Նման անհանգստություններ կային նաև հաշվիչների, առցանց բառարանների և որոնողական համակարգերի կապակցությամբ։ Կթուլացնի՞ արդյոք մեր հիմնական հմտությունները վստահությունը ԱԲ-ի նկատմամբ։

Անկեղծ լինենք՝ սրա մասին դեռ գիտական հետազոտություններ չկան։ Սակայն բիզնես հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱԲ-ն դժվար թե փոխարինի մեզ ամբողջությամբ։ Առաջ կգան խնդիրներ, որոնք կպահանջեն արհեստական ​​բանականության և մարդկային ինտելեկտի տարբեր համադրություն։ Սակայն մարդկային դատողության արժեքը կմնա։

Կարծես ԱԲ-ն մեզ կմղի զարգանալու նոր ուղղություններով։ Այո, հնարավոր է մի փոքր թուլանան տեքստ գրելու մեր հմտությունները, բայց կարող ենք սրել քննադատական մտածողությունը, զարգացնել խորքային վերլուծության և իմաստավորման հմտությունները։ HR լեզվով՝ դա որակավորման բարձրացում է։

Եթե այս վախը ձեզ ծանոթ է, փորձեք վերաձևակերպել այն․ վերաբերվեք ԱԲ-ին որպես խելացի, երբեք չհոգնող գործընկերոջ, որը ոչ միայն օգնում է լուծել առօրեական խնդիրները, այլև որոշ ոլորտներում ընդլայնում և խորացնում է ձեր դատողությունը։

Որ դիրքում էլ տեսնեք ձեզ՝ պահպանողական, սկեպտիկ կամ պարզապես վախեցած սրությունը կորցնելուց, փորձեք մեկ բան․ մի մնացեք դիտորդ։ Ընտրեք անել փոքր քայլ, փորձարկեք, աշխատեք թիմով։ Քանի որ առաջընթացը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է մեր վստահությունը։

Հոդվածի հեղինակ` Յուլիա Լիտվինենկո
DisruptHR Երևան 2025



Հեղինակ Admin HRCommunity