հայrate 2023 – գրավիչ գործատուների մրցանակաբաշխության արդյունքներ

Հունվարի 28-ին տեղի ունեցավ «հայrate» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարգևատրվեցին Հայաստանում ամենագրավիչ գործատուները՝ համաձայն ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցման։ Արդեն երրորդ տարին է, ինչ նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Գրանթ Թորնթոն Հայաստանի համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով շեշտադրել գործատուների գրավչությունը աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների շրջանում և բացահայտելով որքանով հասցեական են իրենց բրենդի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ գործատուների ձեռնարկած միջոցառումները ուսանողների շրջանում: Հարցմանը մասնակցել են Հայաստանի առաջատար ԲՈւՀ-երի շուրջ 1000 ուսանողներ՝ ազատորեն արտահայտելով իրենց կարծիքը և նշելով 2023 թվականի ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից:

Նմանօրինակ նախաձեռնությունները կարևոր են թե՛ ուսանողության պատկերացումների արտացոլման և կարծիքի արտահայտման տեսանկյունից, և թե՛ գործատուների՝ երիտասարդության, որպես Հայաստանի աշխատաշուկայի վաղվա օրվա ներկայացուցիչների, հանդեպ առավել ճկուն, խրախուսիչ և ընդգրկուն գործելակերպի ձևավորման համար։

Որպես գրավիչ գործատու ուսանողները նշել են ավելի քան 50 կազմակերպության անվանում, որոնցից առանձնացվել և մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հարցման արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած 10-ի անունները: Առանձնահատուկ շեշտադրվել և պարգևատրվել է «ամենագրավիչ գործատու» անվանակարգում առավելագույն ձայներ հավաքած կազմակերպությունը: Այսպիսով, առաջին հորիզանականներում տեղ գտած կազմակերպությունների շարքում են՝ Դիջիթեյն, Պիկսարտ, Ամերիաբանկ, Սոֆթ Կոնստրակտ, ՀՀ Կենտրոնական բանկ, Սինոփսիս, Արդշինբանկ, Ինեկոբանկ, Սերվիս Տիտան, Վիվա-ՄՏՍ:

Վերահաստատվեց ուսանող-գործատու կապի պահպանման անհրաժեշտությունը և ընդգծվեց «հայrate»-ի կարևորությունը, որպես այդ հաղորդակցության բացահայտման գործուն միջոց:

Հետազոտության վերլուծության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ինչպես նաև մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրված շնորհանդեսում կարող եք գտնել հակիրճ արդյունքները`

հայrate 2023 – գրավիչ գործատուների մրցանակաբաշխության արդյունքների վերաբերյալ շնորհանդես