«հայrate» 2022-ը կայացավ

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «հայrate» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարգևատրվեցին Հայաստանում ամենագրավիչ գործատուները՝ համաձայն ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցման։ Արդեն երկրորդ տարին է, ինչ նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Գրանթ Թորնթոն Հայաստանի համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով շեշտադրել գործատուների գրավչությունը աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների շրջանում և բացահայտելով որքանով հասցեական են իրենց բրենդի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ գործատուների ձեռնարկած միջոցառումները ուսանողների շրջանում: Հարցմանը մասնակցել են Հայաստանի առաջատար ԲՈւՀ-երի շուրջ 1000 ուսանողներ՝ ազատորեն արտահայտելով իրենց կարծիքը և նշելով 2022 թվականի ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ կարևորում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը, որը նպաստում է բուհ-աշխատաշուկա-գործատու կապի ամրապնդմանը։ Նմանօրինակ նախաձեռնությունները կարևոր են թե՛ ուսանողության պատկերացումների արտացոլման և կարծիքի արտահայտման տեսանկյունից, և թե՛ գործատուների՝ երիտասարդության, որպես Հայաստանի աշխատաշուկայի վաղվա օրվա ներկայացուցիչների, հանդեպ առավել ճկուն, խրախուսիչ և ընդգրկուն գործելակերպի ձևավորման համար։

Որպես գրավիչ գործատու ուսանողները նշել են ավելի քան 50 կազմակերպության անվանում, որոնցից առանձնացվել և մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հարցման արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած 10-ի անունները: Առանձնահատուկ շեշտադրվել և պարգևատրվել է «ամենագրավիչ գործատու» անվանակարգում առավելագույն ձայներ հավաքած կազմակերպությունը: Այսպիսով, առաջին հորիզանականներում տեղ գտած կազմակերպությունների շարքում են՝ Դիջիթեյն, Պիքսարտ, Սոֆթ Կոնստրակտ, Ամերիաբանկ, Սինոփսիս, Սերվիս Տիտան, Կենտրոնական Բանկ, Կոկա-Կոլա Հելլենիկ, Ինեկոբանկ, Ադոբ:

Վերահաստատվեց ուսանող-գործատու կապի պահպանման անհրաժեշտությունը և ընդգծվեց «հայrate»-ի կարևորությունը, որպես այդ հաղորդակցության բացահայտման գործուն միջոց:

Հետազոտության վերլուծության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։