Ինչպես կրճատումը դարձնել հիմնաքար կարիերայի աճի համար

Աշխատանքի կրճատումը կարող է հանգեցնել ճգնաժամի, դժվարին և անորոշ իրավիճակի: Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ է ճգնաժամը և ինչպե՞ս վերաբերվել դրան:
Ցանկացած ճգնաժամային իրավիճակում թաքնված է փոխակերպման ներուժը։ «Crisis» բառը ծագում է հին հունական «krino» բառից, որն այն ժամանակ նշանակում էր առանձնացնել, դատել, որոշել։ Այս ստուգաբանությունը բացահայտում է ճգնաժամի բնույթի մասին հզոր մի ճշմարտություն. այն մեզ հնարավորություն է տալիս վերագնահատելու, ընտրելու և նոր ուղի բռնելու: Երբ ճգնաժամը հարվածում է, այն մեզ կոչ է անում լինել զգոն և ուշադիր: Դժվար պահերին մեզ հնարավորություն է տրվում վերանայելու մեր համոզմունքները, արժեքները և առաջնահերթությունները: Ճգնաժամային իրավիճակներում կարելի է գտնել աճի պոտենցիալ, երբ ռեֆլեքսիայի միջոցով կատարած մեր ընտրությունները կդառնան փոխակերպման «կատալիզատոր»՝ մղելով մեզ դեպի չբացահայտվածը և բացելով նորանոր դռներ, որոնք կձևավորեն մեր ապագան:

Կրճատման հետևանքով աշխատանք կորցնելը կարող է լինել տրավմատիկ և ստեղծել անորոշություն ապագայի նկատմամբ։ Նման իրավիճակում հիմնական զգացմունքային արձագանքներն են վախը, տխրությունը և զայրույթը։ Սակայն հիշե՛ք, դուք մենակ չեք։ Այսօր շատերն են անցնում դրա միջով, իսկ շատերը հասցրել են կրճատումը դարձնել նոր կարիերայի կառուցման հիմնաքար։ Անհրաժեշտ է հասկանալ և ճիշտ գնահատել իրավիճակը, ինչպես նաև վերահսկել սեփական էմոցիաները՝ կրճատումից հետո դրական կերպով վերակառուցվելու և վերականգնվելու համար։ Կարող եք սկսել հետևյալ քայլերով՝

  • Բացասական մտքերը վերափոխելու և ինքնավստահություն զարգացնելու համար օգտագործեք դրական հաստատումներ, ինչպիսիք են «Ես ընդունակ եմ և արժանի եմ հաջողության», «Ես ընդունում եմ մարտահրավերները որպես աճի հնարավորություններ», «Ես ունեմ հմտություններ և կարողություններ՝ հասնելու իմ նպատակներին»:
  • Կենտրոնացեք ներկա պահի վրա մեդիտացիայի և խորը շնչառական վարժությունների միջոցով, գրի առեք սեփական մտքերը և զգացմունքները։ Այդ գործողությունները ձեր մտքերին կտան պարզություն և հնարավորություն կստեղծեն ավելի հստակ և նպատակաուղղված որոշումներ կայացնել։
  • Ազատվեք բացասական մտածելակերպից և այն մտքերից, որ դուք բավականաչափ «լավը» չեք որևիցե աշխատանքի դիմելու համար՝ հիշեցնելով ինքներդ ձեզ, որ դուք արժեքավոր հմտություններ և փորձառություն ունեք: Բացասական միտքը փոխարինեք դրականով, օրինակ՝ ոչ թե «Ես կարող եմ չբավարարել բոլոր պահանջներին», այլ «Ես յուրահատուկ որակներ ունեմ առաջարկելու և կարող եմ սովորել և աճել այս պաշտոնում: Ես կդիմեմ և կօգտվեմ իմ մոտիվացիան ու ունակությունները ցուցադրելու հնարավորությունից»:

Հույզերի կառավարումը էական նշանակություն ունի կարիերայի առաջընթացի համար։ Անհրաժեշտ է գիտակցել բացասական մտքերի բացասական հետևանքները՝ միաժամանակ հիշելով, որ աշխատանքի կրճատումը չի սահմանում ձեր արժեքը, այլ հնարավորություն է ստեղծում աճի և ինքնաբացահայտման համար։ Ինքնակարեկցանք դրսևորեք, բաց եղեք առջևում եղած հնարավորությունների համար և այս հետընթացը վերածեք հաջողության ցատկահարթակի:

Ինչպես մշակել աշխատանքի որոնման ռազմավարական պլան

Բնական է կրճատումից հետո անվտանգություն փնտրելը, և հասկացված ու գնահատված լինելու ձգտումը։ Փորձեք հասկանալ՝ ինչն է, որ մեծ նշանակություն կունենա ձեզ համար նոր աշխատավայրում՝ ճկունությունը, կայունությունը, աճի հնարավորությունները, թե բարձր աշխատավարձը։ Ուրվագծելով ձեր ակնկալիքները՝ հնարավորություն կունենաք պոտենցիալ գործատու ընտրելիս ավելի հստակ որոշումներ կայացնել։
Զանգվածային կրճատումներից հետո հատկապես ցանկալի է ուսումնասիրել այնպիսի ոլորտներ, որոնք ունեն տոկունություն և նույնիսկ կայուն աճ տնտեսական անկումների ժամանակ։ Օգտագործեք սոցիալական ցանցերը՝ ձեզ համար նախընտրելի ոլորտի մասնագետների հետ կապ հաստատելու, արժեքավոր տեղեկատվություն ձեռք բերելու և ոլորտի միտումներն ու մարտահրավերները հասկանալու համար։ Ցանցի ընդլայնման համար շատ լավ հարթակ է LinkedIn-ը։

Այժմ ժամանակն է մշակել աշխատանքի որոնման ռազմավարական պլան, որը կօգնի կենտրոնացնել ձեր ջանքերը և կմեծացնի ձեզ ավելի համապատասխան աշխատանք գտնելու հնարավորությունները։ Ստորև ներկայացնում եմ հիմնական քայլերը։

Հստակեցրեք ձեր նպատակներն ու արժեքները

Ժամանակ տրամադրեք՝ մտածելու և հասկանալու, թե ինչ եք իրականում ցանկանում ձեր կարիերայի հաջորդ փուլում: Հաշվի առեք ձեր հմտությունները, հետաքրքրությունները, արժեքները և կարիերայի երկարաժամկետ նպատակները: Հիշելով ձեր նախկին աշխատանքը՝ առանձնացրեք այն պարտականությունները, որոնք հատկապես հաճելի են եղել ձեզ համար և որտեղ հաջողություններ եք ունեցել։ Մտածեք, թե ինչպիսի ազդեցություն և նշանակություն եք ուզում, որ ձեր նոր աշխատանքն ունենա։ Բացահայտեք ձեր հետաքրքրությունները և մտածեք, թե ձեր հմտություններն ու փորձառությունը ինչպիսի խնդիրներ կարող են լուծել և ինչպես կարող են նպաստել ձեզ համար ցանկալի ոլորտի զարգացմանը։ Առաջարկում եմ մի քանի գործիք և հավելված, որոնք կարող են առաջնորդել ձեզ այս գործընթացում.

  • MindMeister (մտքի քարտեզագրման գործիք, որն օգնում է կառուցվածքայնորեն վիզուալացնել և հստակեցնել մտքերը, նպատակները, արժեքները)
  • Evernote (նշումներ անելու բազմակողմանի ծրագիր, որը թույլ է տալիս գրանցել մտորումները, գաղափարները և նպատակները)
  • Values Card Sort (ֆիզիկական կամ թվային գործիք, որն օգնում է բացահայտել և առաջնահերթություն տալ անձնական արժեքներին)
  • Անձնական SWOT (ուժեղ կողմեր, թույլ կողմեր, հնարավորություններ, սպառնալիքներ) վերլուծություն (կարող եք օգտագործել Microsoft Excel կամ Google Sheets՝ պարզ SWOT մատրիցա ստեղծելու և յուրաքանչյուր ասպեկտը գնահատելու համար)
  • Trello, Todoist, կամ Microsoft To Do (այս հավելվածները թույլ են տալիս ստեղծել առաջադրանքներ, սահմանել վերջնաժամկետներ և դասավորել այդ ամենը ցուցակներում)

Զարգացրեք ձեր հմտությունները
Անցումային այս շրջանում ներդրում կատարեք ձեր մասնագիտական զարգացման մեջ։ Բացահայտեք ձեր հմտությունների հնարավոր բացերը, ինչպես նաև, թե ինչ նոր հմտություններ եք ցանկանում ձեռք բերել, և սկսեք ուսումնասիրել առկա համապատասխան թրեյնինգ ծրագրերը, որակավորման ծրագրերը կամ առցանց դասընթացները։ Օգտակար կարող են լինել հետևյալ հարթակները՝ FutureLearn, edX, Coursera, Udemy, Codecademy։ Նոր հմտություններ ձեռք բերելը կարող է ձեզ ավելի մրցունակ դարձնել աշխատաշուկայում և ստեղծել կարիերայի նոր հնարավորություններ:

Թարմացրեք ձեր ռեզյումեն
Անհատականացրեք ձեր աշխատանքի դիմումները։ Խուսափեք նույն ռեզյումեն բոլորին ուղարկելուց։ Փոխարենը, ժամանակ հատկացրեք յուրաքանչյուր դիմումը հարմարեցնելու կոնկրետ աշխատանքին և ընկերությանը: Ընդգծեք ձեր այն հմտություններն ու փորձը, որոնք համապատասխանում են տվյալ աշխատանքի պահանջներին: Ձեր դիմումների անհատականացումը ցույց է տալիս գործատուներին, որ դուք իսկապես հետաքրքրված եք կազմակերպությամբ: Կարող եք օգտվել անվճար առցանց ռեզյումե կառուցող կայքերից, ինչպիսիք են՝ Canva, Resumemaker.in, Zety։ Վերանայեք և թարմացրեք պորտֆոլիոները, ինչպես նաև ձեր առցանց ներկայությունը ցանկացած մասնագիտական կայքում։

Կառուցեք անձնական բրենդ
Թարմացրեք ձեր LinkedIn պրոֆիլը և համոզվեք, որ այն արտացոլում է ձեր հմտությունները, փորձը և կարիերայի ձգտումները: Կարող եք ստեղծել անձնական կայք կամ բլոգ՝ ձեր փորձը ցուցադրելու և ոլորտի մասին ձեր պատկերացումներով և գիտելիքներով կիսվելու համար:

Դիտարկեք ձեր ռեսուրսները
Օգտագործեք զանազան ռեսուրսներ՝ տեղեկատվություն հավաքելու, ուղղորդում փնտրելու, պոտենցիալ հնարավորություններ բացահայտելու համար, օրինակ՝ անձնական ցանցը, մասնագիտական կոնտակտները, աշխատատեղերի տեղադրման կայքերը, ոլորտի առցանց մասնագիտական խմբերը, ոլորտի ասոցիացիաները, մասնագիտական միջոցառումները և այլն։

Ընդլայնեք ձեր մասնագիտական ցանցը
Networking-ը հզոր գործիք է աշխատանքի որոնման գործընթացում, որի շնորհիվ կարող եք նոր ու հետաքրքիր աշխատատեղեր բացահայտել։ Գործի դրեք ձեր մասնագիտական կապերը, մասնակցեք ոլորտի միջոցառումներին, փնտրեք մենթորներ, միացեք համապատասխան առցանց համայնքներին։ Տեղեկացրեք մարդկանց ձեր փնտրտուքների մասին, խորհուրդ հարցրեք, ընդգրկվեք ռեֆերալ ծրագրերում։

Փնտրեք պոտենցիալ գործատուներին
Նախքան աշխատանքի դիմելը, ուսումնասիրեք պոտենցիալ գործատուներին՝ որոշելու, թե արդյոք համապատասխանում են ձեր արժեքները և նպատակները: Ուսումնասիրեք ընկերության մշակույթը և առաքելությունը։ Այս տեղեկատվությունը կօգնի ձեզ հարմարեցնել ձեր ռեզյումեն և ավելի լավ պատրաստվել հարցազրույցներին:

Պատրաստվեք հարցազրույցներին
Մշակեք համոզիչ պատասխաններ հարցազրույցների ընթացքում տրվող հիմնական հարցերին՝ ցուցադրելով ձեր հմտություններն ու փորձը։ Ուսումնասիրեք ընկերության հարցազրույցի գործընթացը և պատրաստեք ձեզ համար կարևոր ու մտածված հարցեր՝ հարցազրույցի ընթացքում տալու համար: Ինչպես նաև կանխատեսեք վարքագծային հարցեր և պատրաստեք օրինակներ՝ ցույց տալու ձեր ունակությունները: Ձեր փորձն էլ ավելի լավ ներկայացնելու նպատակով կարող եք ձեր նախկին աշխատանքից քեյսեր առանձնացնել և ներկայացնել։

Եղեք ճկուն և հետևողական
Հիշեք բոլոր աշխատատեղերը, որոնց դիմել եք, ընկերություններին, որոնց հետ հարցազրույց եք ունեցել, և հետևողական եղեք հետագա գործողություններին։ Աշխատանքի որոնման գործընթացը կարող է հոգնեցնել և երբեմն երկարաձգվել: Մերժումը գործընթացի բնական մասն է, բայց դա չի սահմանում ձեր արժեքը: Մնացեք տոկուն, պահպանեք դրական մտածելակերպ և սովորեք յուրաքանչյուր փորձից: Աշխատանքի դիմումից կամ հարցազրույցից հետո մերժման դեպքում ցանկալի է պահպանել հետադարձ կապ՝ հասկանալու որոշման հիմքում ընկած պատճառը։ Սա կարևոր է ինքնաճանաչման և ինքնագիտակցության, ինչպես նաև հարցազրույցի համար անհրաժեշտ հմտությունները բարելավելու համար։

Զբաղվեք ինքնախնամքով
Այս շրջանում կարևոր է առաջնահերթություն տալ ինքնախնամքին։ Հոգ տարեք ձեր ֆիզիկական և մտավոր առողջության մասին՝ զբաղվելով այնպիսի գործերով, որոնք ձեզ ուրախություն են պատճառում և նվազեցնում սթրեսը: Օրինակ՝ ֆիզիկական վարժություններ, յոգա, մեդիտացիա, շփում ընկերների հետ, ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնելը կամ հոբբիներով զբաղվելը:

Անհրաժեշտ է գիտակցել, որ դրական արդյունքը միշտ կախված է մեր ճիշտ վերաբերմունքից, դրական մտածելակերպից և արագ կողմնորոշվելուց: Ճգնաժամին տրված մեր արձագանքն է որոշում՝ արդյոք մեր կյանքի նոր փուլը լինելու է աճի, ինքնաիրագործման և առաջընթացի, թե լճացման և հուսահատության փուլ: Շատ կարևոր է մտապահել «crisis» բառի ծագման մեջ թաքնված խորը իմաստությունը: Եկեք ինքներս մեզ առանձնացնենք հին օրինաչափություններից և կարծրատիպերից, հստակ կերպով դատենք մեր գործողությունները և որոշենք նոր ճամփա բռնել դեպի ավելի լիարժեք գոյություն։

Հեղինակ՝  Զառա Գալստյան